Դոպլերից սնկային վարակների բռնկում է արձանագրվել Լոնդոնի կլինիկաներում
Համաձայն Journal of Hospital Infection պարբերականում հրապարակված հոդվածի` Լոնդոնի Առողջապահության ազգային ծառայության համակարգի բժշկական կամակերպություններում 2023թ.-ի սեպտեմբերից արձանագրվել են Candidozyma auris-ի (նախկինում` Candida auris) ներհիվանդանոցային բռնկման դեպքեր: Վերջինիս կապակցությամբ իրականացվել է հետահայաց դեպք-հսկողություն հետազոտութուն (լոգիստիկ ռեգրեսիոն վերլուծություն)՝ վարակի հավանական փոխանցման գործոնը բացահայտելու համար:
«Հերացի» վերլուծականը նշում է, որ Հետազոտությունն իրականացվել է 2023թ.-ի հոկտեմբերից մինչև 2024թ.-ի հուլիսը` ներառելով 228 մասնակից (դեպքերը`n=76, հսկողական խմբի ներկայացուցիչները`n=152):
Նշենք, որ C. auris-ը ներհիվանդանոցային վարակների սնկային բնույթի պատճառներից է, որի տարածվածությունն աճում է աշխարհում` հանգեցնելով լուրջ կլինիկական հետևանքների:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ C. auris-ով գաղութացումը կապված էր հետևյալ գործոնների հետ`
- հետազոտությունից առաջ հիվանդանոցում ավելի երկար հոսպիտալացման տևողության հետ (OR 1.02/օր),
- զարկերակային գերճնշման առկայության հետ (OR 2.9),
- օստեոմիելիտի առկայության հետ (OR 10.0),
- դոպլերի փոխարկիչի կիրառման հետ (OR 3.,
- հակամանրէային դեղերի կիրառման հետ (OR 8.4):
Հարկ է նշել, որ մշտական տեղադրված բժշկական սարքերի (indwelling devices) առկայության և C. auris-ով գաղութացման միջև վիճակագրորեն նշանակալի կապ չի հայտնաբերվել։
Հետազոտության արդյուքները փաստում են, որ դոպլերի փոխարկիչի կիրառումը դիտարկվել է որպես վարակի փոխանցման հավանական գործոն։ Վերջինս ընդգծում է բժշկական կազմակերպության շրջակա միջավայրի պատշաճ հակահամաճարակային ռեժիմի պահպանման, բազմակի օգտագործման բժշկական արտադրատեսակների ապաբաղարկման և վաղ սկրինինգի կարևորությունը։
Այսպիսով, հետազոտության արդյունքները հիմնավորում են վարակի հսկողության նպատակային միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը և վերահաստատում են ակտիվ համաճարակաբանական հսկողության կարևորությունը C. auris-ի և նման այլ բռնկումների արդյունավետ կառավարման և կանխարգելման գործում։

