Դոպլերից սնկային վարակների բռնկում է արձանագրվել Լոնդոնի կլինիկաներում

Համաձայն Journal of Hospital Infection պարբերականում հրապարակված հոդվածի` Լոնդոնի Առողջապահության ազգային ծառայության համակարգի բժշկական կամակերպություններում 2023թ.-ի սեպտեմբերից արձանագրվել են Candidozyma auris-ի (նախկինում` Candida auris) ներհիվանդանոցային բռնկման դեպքեր: Վերջինիս կապակցությամբ իրականացվել է հետահայաց դեպք-հսկողություն հետազոտութուն (լոգիստիկ ռեգրեսիոն վերլուծություն)՝ վարակի հավանական փոխանցման գործոնը բացահայտելու համար: 

«Հերացի» վերլուծականը նշում է, որ Հետազոտությունն իրականացվել է 2023թ.-ի հոկտեմբերից մինչև 2024թ.-ի հուլիսը` ներառելով 228 մասնակից (դեպքերը`n=76, հսկողական խմբի ներկայացուցիչները`n=152): 

Նշենք, որ C. auris-ը ներհիվանդանոցային վարակների սնկային բնույթի պատճառներից է, որի տարածվածությունն աճում է աշխարհում` հանգեցնելով լուրջ կլինիկական հետևանքների:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ C. auris-ով գաղութացումը կապված էր հետևյալ գործոնների հետ`

  • հետազոտությունից առաջ հիվանդանոցում ավելի երկար հոսպիտալացման տևողության հետ (OR 1.02/օր),
  • զարկերակային գերճնշման առկայության հետ (OR 2.9),
  • օստեոմիելիտի առկայության հետ (OR 10.0), 
  • դոպլերի փոխարկիչի կիրառման հետ (OR 3.,
  • հակամանրէային դեղերի կիրառման հետ (OR 8.4):

Հարկ է նշել, որ մշտական տեղադրված բժշկական սարքերի (indwelling devices) առկայության և C. auris-ով գաղութացման միջև վիճակագրորեն նշանակալի կապ չի հայտնաբերվել։ 

Հետազոտության արդյուքները փաստում են, որ դոպլերի փոխարկիչի կիրառումը դիտարկվել է որպես վարակի փոխանցման հավանական գործոն։ Վերջինս ընդգծում է բժշկական կազմակերպության շրջակա միջավայրի պատշաճ հակահամաճարակային ռեժիմի պահպանման, բազմակի օգտագործման բժշկական արտադրատեսակների ապաբաղարկման և վաղ սկրինինգի կարևորությունը։ 

Այսպիսով, հետազոտության արդյունքները հիմնավորում են վարակի հսկողության նպատակային միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը և վերահաստատում են ակտիվ համաճարակաբանական հսկողության կարևորությունը C. auris-ի և նման այլ բռնկումների արդյունավետ կառավարման և կանխարգելման գործում։