Ինչքան էլ ձեզ զգաք «21-րդ դարում»՝ թղթային վկայական ունենալը կարևոր է

Անցյալ շաբաթ մի հաքեր ջնջել է Ռումինիայի անշարժ գույքի կադաստրի տվյալների բազան և սերվերների վրա պահվող այդ բազայի պահուստային տարբերակը։ Ռումինացիներն ունեցել են ևս մեկ պահուստային տարբերակ՝ համացանցից անջատված սարքի վրա, ինչը որոշ կորուստներով հանդերձ, այնուամենայնիվ հնարավորություն է տվել անշարժ գույքի բազան վերականգնել։

Հարձակման պատճառով մեկ շաբաթով կանգնել են երկրում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործերը։

Վերջին տարիներին գրանցվել են նման հարձակումներ Լեհաստանի, Սլովակիայի, Հունաստանի անշարժ գույքի պետական գրանցման համակարգերի վրա։

Գանք Հայաստան… Հայաստանի կադաստրը վաղուց արդեն չի տրամադրում սեփականության թղթե (hard copy) վկայականներ: Միշտ մտածել եմ, որ ՀՀ-ում մարդկանց գույքային իրավունքները «մազից կախված են». եթե համակարգին մի բան եղավ, դե գնա ու ապացուցի, որ քո տունը կամ հողը քոնն են։

Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանում բռնապետություն է հաստատված, չկա որևէ երաշխիք, որ չեն ջնջի կամայական կերպով այս կամ այն «անցանկալի» անձի տվյալները։ Դե գնա ու տարիներով դատական քաշքշուկների մեջ ընկի, որ ապացուցես, որ ուղտ չես։

Ընդհանրապես, ամեն ինչի համատարած թվայնացումն իրական ու ենթադրյալ հարմարությունների հետ միասին նաև ահռելի թվով ռիսկեր է ստեղծում։ Այս համակարգերը թվում են «բնական» մինչև այն պահը, երբ հանկարծ դադարում են աշխատել։

Ինչքան էլ ձեզ զգաք «21-րդ դարում», այնուամենայնիվ թղթային վկայական ունենալը կարևոր է, ԻմՀԿ։

 Կարեն Վրթանեսյան