Լարված իրավիճակ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

Այսօր՝ հուլիսի 23-ին,  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ «Առինջ մոլ»-ի հարյուրավոր աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։

Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի – Սևան ավտոճանապարհը, սակայն այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետո, որպեսզի նման քայլի չդիմեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին բարձրաձայնում՝ ասելով «Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավել փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»։