Ուսի հոդախախտ․ ինչու են թիրախում երիտասարդ և ֆիզիկապես ակտիվ մարդիկ
Ուսահոդի սովորույթային հոդախախտը (Recurrent Shoulder Dislocation) վիճակ է, երբ ուսահոդը մեկ անգամ հոդախախտվելուց հետո կրկին ու կրկին հոդախախտվում է՝ նույնիսկ աննշան շարժումների կամ փոքր վնասվածքների ժամանակ։ Ողնաշարի վերականգնողական կենտրոնի փոխանցմամբ, ամենից հաճախ հանդիպում է երիտասարդ և ֆիզիկապես ակտիվ մարդկանց շրջանում։
Ինչո՞ւ է առաջանում
Առաջին հոդախախտից հետո կապանների և հոդապարկի չբուժված կամ ոչ լիարժեք ապաքինված վնասվածքը։
Հոդափոսի շրթունքի (լաբրումի) վնասվածք (Bankart lesion)։
Ոսկրային վնասվածքներ (Hill-Sachs defect և այլն)։
Կապանային թուլություն կամ բնածին հիպերշարժունություն։
Վաղաժամ վերադարձը սպորտին կամ ծանր ֆիզիկական աշխատանքին։
Ի՞նչ գանգատներ ունի հիվանդը
Ուսահոդի կրկնվող «դուրս գալու» զգացողություն։
Ցավ և անհարմարություն շարժումների ժամանակ։ Վախ որոշակի շարժումներ կատարելուց։
Ուսահոդի անկայունության զգացում։
Որոշ դեպքերում՝ հոդախախտ նույնիսկ քնի ընթացքում կամ առօրյա պարզ շարժումների ժամանակ։
Ինչպե՞ս է ախտորոշվում
Բժշկական զննում և հատուկ կլինիկական թեստեր։
Ռենտգեն հետազոտություն։
ՄՌՏ (MRI), որը գնահատում է կապանների, լաբրումի և փափուկ հյուսվածքների վիճակը։
Անհրաժեշտության դեպքում՝ ՀՏ (CT), հատկապես ոսկրային վնասվածքների գնահատման համար։
Բուժում
Բուժման ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ակտիվությունից և վնասվածքի աստիճանից։
Ֆիզիոթերապիա
Վերականգնողական վարժություններ՝ ուսահոդը կայունացնող մկանների ուժեղացման նպատակով։
Վիրահատական բուժում
Եթե հոդախախտները կրկնվում են, լավագույն լուծումը հաճախ վիրահատական բուժումն է։
Կիրառվում են՝
Արթրոսկոպիկ Bankart-ի վերականգնում։
Latarjet վիրահատություն։
Այլ կայունացնող վիրահատություններ՝ ըստ վնասվածքի տեսակի։

