Գիշերը ԱՄՆ-ը և Իրանը շարունակել են փոխադարձ hարվածները

ԱՄՆ զինվորականներն ավարտել են Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարքը, հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ը Իրանի դեմ հարվածների երեկոյան ալիքն ավարտել է հուլիսի 15-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին: ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ համակարգերի, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրեր, ինչպես նաև առափնյա դիտակետեր», – ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկյան զինվորականները կիրառել են բարձր ճշգրտության զինամթերք, հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, նաև Բանդեր-Աբաս քաղաքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ Ալի ալ-Սալեմ ռազմակայանում ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրին։

«Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում C-RAM վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համակարգը, ինչպես նաև ամերիկյան զորքերի տեղակայման շրջանը դարձել են համակցված հարվածի թիրախներ «Նասր-2» գործողության ութերորդ ալիքի ընթացքում»,- մեջբերում է Press TV հեռուստաալիքը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել նաև Հորդանանում ամերիկյան Ալ-Ազրակ ավիաբազային։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։

Վերջինիս տվյալներով՝ ԻՀՊԿ-ն խոցել է ԱՄՆ ԶՈՒ կապի համակարգերը և վառելիքի պահեստները։