Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.
«2023 թվականին, Արցախի հայաթափումից և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, շատերը խոսում էին, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանում լինելու է ապագա վերադարձի քաղաքական, իրավական և ազգային հենարանը։
Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է. Արցախը փաստացի չունի գործող նախագահ, Ազգային ժողովի նախագահը հրաժարական է տվել, կառավարությունը կազմաքանդված է, իսկ այն համակարգը, որը պետք է լիներ Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական ներկայացուցչության հենարանը, կաթվածահար է։
Սա երեք տարվա քաղաքական ձախողումների արդյունք է։
Այո, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դուրս մղեցին Արցախի հարցը պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ ոչ միայն չձեռնարկելով բավարար քայլեր Արցախի ինստիտուտների պահպանման ուղղությամբ, այլև ամեն ինչ արեցին այդ ինստիտուտները կազմաքանդելու համար։ Բայց նույնքան մեծ պատասխանատվություն են կրում նաև Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչները, որոնք չեն կարողանում պահպանել նույնիսկ պետականության վերջին ինստիտուցիոնալ հենարանները:
Ներքին հակասությունները, անձնական հավակնությունները, արհեստածին հարցերի շուրջ անվերջ վեճերը և քաղաքական անգործությունը վերջնականապես թուլացրին այն, ինչ դեռ հնարավոր էր պահել։
Ամենամեծ հարվածը հասցվել է ոչ թե որևէ պաշտոնյայի հեղինակությանը, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր չունեն այնպիսի միասնական քաղաքական ներկայացուցչություն, որը կկարողանա հետևողականորեն պաշտպանել նրանց հավաքական իրավունքները, սեփականության իրավունքը, վերադարձի պահանջը և քաղաքական ձայնը։
Այս պայմաններում վերադարձի իրավունքի մասին խոսելը կորցնում է իր քաղաքական ծանրակշիռ բովանդակությունը։ Վերադարձի պայքարը չի կարող հիմնվել միայն հայտարարությունների վրա. այն պահանջում է գործող, լեգիտիմ և կենսունակ ինստիտուտներ, որոնք կկարողանան ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը։
Եթե այսօր չվերաիմաստավորվեն Արցախի պետական ինստիտուտները՝ նոր լեգիտիմությամբ, նոր պատասխանատվությամբ և ազգային համախմբման հիմքով, վաղը կարող է ուշ լինել։ Պատմությունը չի ներում այն ժողովուրդներին, որոնք կորցնում են ոչ միայն իրենց հայրենիքը, այլև այն կառույցները, որոնց միջոցով պետք է պայքարեն այդ հայրենիքը վերադարձնելու համար։
Ժամանակն է ոչ թե հերթական հայտարարություններ անելու, այլ ստեղծելու այն քաղաքական կենտրոնը, որը կկարողանա վերածել վերադարձի իրավունքը ոչ թե կարգախոսի, այլ պետական ռազմավարության»։

