Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան օբյեկտները թիրախավորելու մասին

Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներ է թիրախավորել՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ափին և արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո, տեղեկացնում է Reuters  գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցները ավելի ուշ հայտնել են Իրանի հարավում մի քանի պայթյունների մասին։ Պայթյուններ են լսվել նաև Բուշերում, որտեղ գտնվում է ատոմակայանը, և նավահանգստային Բանդար Աբբասում։

Reuters-ը, սակայն, գրում է, որ ամերիկացի պաշտոնյան հերքել է ԱՄՆ-ի մասնակցությունը՝ ասելով, թե ամերիկյան զինուժը «վերջին ժամերին» իրանական թիրախների չի հարվածել։

Սրված իրադրության ֆոնին՝ Մաշհադի սրբավայրում իրանցիները հրաժեշտ են տվել և հուղարկավորել ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի ժամանակ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Իրանցիների առաջնորդի պաշտոնում նրան փոխարինած որդին՝ Մոջթաբան, որը ապրիլին պաշտոնն ստանձնելուց ի վեր չի երևացել հանրության առջև, չի մասնակցել նաև Խամենեիի հիշատակի հրապարակային միջոցառումենրին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման ամենաթարմ էջը հուլիսի 7-ին սկիզբ առավ։ Նախօրեին ԱՄՆ-ն 90 իրանական ռազմական օբյեկտ թիրախավորեց, որը, ըստ իրանական կողմի, 14 մարդու կյանք խլեց։ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար։ Իրանի պատասխան հարվածների թիրախում Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում տեղակայված ամերիկյան օբյեկտներն էին։