Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ
Հայաստանի տարածքը շարունակում է մնալ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։
Ինչպես հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, վերջին չորս օրերին Հայաստանը գտնվում է Սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Սրա հետևանքով հանրապետության մեծ մասում, հատկապես գիշերային և հետկեսօրյա ժամերին, գրանցվում են ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք առանձին հատվածներում բավականին հորդառատ են։
Ըստ կանխատեսումների՝ այս ցիկլոնը կշարունակի պտտվել մեր տարածաշրջանի վրա մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Այդ օրերին կրկին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ առանձին գոտիներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 9-ից ցիկլոնը կսկսի կորցնել իր ուժը։ Հուլիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում տեղումները շրջանների մեծ մասում կդադարեն։ Կարճատև անձրևներ հնարավոր կլինեն միայն երեկոյան ժամերին և բացառապես հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում։
Չնայած այսօր օդի ջերմաստիճանը զգալի նվազել է և նույնիսկ ամենատաք գոտիներում (Արարատյան դաշտ, Երևան, Սյունիքի հովիտներ) չի գերազանցում 29-31 աստիճանը, իրավիճակը շուտով կփոխվի։
Հուլիսի 9-11-ը հյուսիս-արևմտյան օդային հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքներով։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Հուլիսի 10-ին և 11-ին Երևանում և Արարատյան դաշտում սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն։
Օդերևութաբանի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին 35 աստիճանից բարձր ջերմաստիճան հանրապետության տարածքում չի կանխատեսվում։

