«Օմեգա-բլոկ»․ մեր տարածաշրջանի զովն ու Եվրոպայի տապը պայմանավորված են այս երևույթի ազդեցությամբ
Եվրոպան պատած ինտենսիվ շոգի ալիքը, որը միայն Ֆրանսիայում արդեն ավելի քան 40 մահվան դեպքի պատճառ է դարձել, առանձնանում է իր կայունությամբ և երկարատև բնույթով։ Դրա հիմնական պատճառներից մեկը մթնոլորտային մի երևույթ է, որը հայտնի է «Օմեգա-բլոկ» (Omega Block) անվամբ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզանը մանրամասնում է.
«Այս երևույթն իր անվանումը ստացել է այն պատճառով, որ մթնոլորտային ճնշման դաշտերի դասավորությունը հիշեցնում է հունական Ω (օմեգա) տառը։ Այն իրենից ներկայացնում է տաք և կայուն բարձր մթնոլորտային ճնշման (անտիցիկլոնի) գոտի, որը աջ և ձախ կողմերից մնում է «շրջափակված» երկու ցածր ճնշման (ցիկլոնային) համակարգերով
Ինչպե՞ս է առաջանում եղանակի «բլոկավորումը»
«Բլոկ» տերմինը բնութագրում է այն երևույթը, երբ բարձր ճնշման տաք դաշտը դառնում է գրեթե անշարժ։ Նորմալ պայմաններում մթնոլորտում օդի հզոր հոսքերը, որոնք հայտնի են շիթային հոսանքներ անվամբ, անընդհատ տեղափոխում են եղանակային համակարգերը արևմուտքից դեպի արևելք ապահովելով արևային և անձրևային եղանակների հերթափոխը։ Սակայն «Օմեգա-բլոկի» ձևավորման ժամանակ այդ բնորոշ հոսքը խախտվում է՝ շիթային հոսանքները սկսում են ուժեղ ոլորումներ կատարել՝ հեռանալով դեպի հյուսիս և հարավ մեկուսացնելով բարձր և ցածր ճնշման համակարգերը: Ղեկավարող հոսքերի թուլացման և մթնոլորտում առկա ջերմաստիճանային հակադրությունների հետևանքով ձևավորվում է դանդաղաշարժ, գրեթե անշարժ եղանակային կառուցվածք։ Դրա հետևանքով նույն տարածքի վրա օրեր շարունակ պահպանվում է տաք անշարժ օդային զանգվածը։ Սովորաբար Օմեգա-բլոկը տևում է 3–10 օր, սակայն ծայրահեղ դեպքերում կարող է պահպանվել նույնիսկ մի քանի շաբաթ։
«Ջերմային գմբեթի» ազդեցությունը
Այս երևույթի կենտրոնում՝ բարձր ճնշման գոտու ազդեցության տակ, ձևավորվում է չափազանց շոգ և չոր եղանակ։ Բարձր ճնշումը գործում է որպես յուրօրինակ «կափարիչ», որը խոչընդոտում է ամպերի առաջացմանն ու վերընթաց օդային շարժումներին։ Արդյունքում երկինքը մնում է գրեթե ամբողջությամբ պարզ, արևային ճառագայթումը անընդհատ տաքացնում է մակերևույթը, և օդի ջերմաստիճանը օրեցօր շարունակում է բարձրանալ։ Հենց այս պայմաններն են ներկայումս ծայրահեղ շոգ առաջացնում Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում, որտեղ օդի ջերմաստիճանը գերազանցել է +40°C-ը։
Մյուս կողմից ցածր ճնշման համակարգերի ներսում գտնվող շրջաններում, որոնք երկու կողմից շրջապատում են բարձր ճնշման ջերմության այդ ալիքը ավելի մեծ է զով և անձրևոտ եղանակի հավանականությունը։ Դրա լավ օրինակն է Մեծ Բրիտանիան, որը գտնվում է բարձր ճնշման և հյուսիս-արևմուտքից ներթափանցող ավելի սառը օդային զանգվածների սահմանագծում։ Այդ պատճառով երկրի հարավային և արևելյան շրջաններում պահպանվում է ինտենսիվ շոգ, մինչդեռ հյուսիսային և արևմտյան հատվածներում նկատվում են զգալիորեն ավելի ցածր ջերմաստիճաններ և տեղումներ։
Հ.Գ. Նշենք նաև, որ այս պահին մեր տարածաշրջանի զովությունը նույնպես պայմանավորված է «Օմեգա-բլոկի» ազդեցությամբ»։

