Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ո՞ր կուսակցություններն են ֆինանսապես շահել

Հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սակայն ստացել են առնվազն 2 տոկոս ձայն, առաջիկա 5 տարիներին պետությունից ֆինանսավորում կստանան։

ԿԸՀ-ի հրապարակած վերջնական տվյալների համաձայն՝ ԱԺ ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժ է հաղթահարել 2 տոկոսի շեմը։ Դրանք են՝ ԲՀԿ-ն, որի օգտին, չհաշված գողացված ձայները, քվեարկել է 58 287 ընտրող կամ 3.9893 տոկոսը, «Միասնության թևերը»՝ 33 537 ձայն կամ 2.2954 տոկոս, և «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 30 642 ձայն կամ 2.0972 տոկոս։

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է, թե 2 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները որքան գումար են ծախսել նախընտրական քարոզարշավի ընթացքում և որքան պետական ֆինանսավորում կստանան։ Այլ կերպ ասած՝ արդյո՞ք պետությունից ստացվող ֆինանսավորումը կփոխհատուցի նրանց կատարած ծախսերը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ քաղաքական ուժերի համար մասնակցությունը ֆինանսական առումով բավական շահավետ է եղել։

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պետական ֆինանսավորման չափը հաշվարկվում է կուսակցության ստացած ձայների հիման վրա՝ յուրաքանչյուր ձայնի համար սահմանված դրույքաչափով՝ աստիճանաբար նվազող մեխանիզմով։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է մուտքագրել 4 մլն 140 հազար դրամ, որից ծախսել է 4 մլն 132 հազար դրամը, սակայն առաջիկա հինգ տարիներին կստանա տարեկան ավելի քան 30 մլն դրամ պետական ֆինանսավորում։ «Միասնության թևեր» կուսակցությունը հիմնադրամ է մուտքագրել 41 մլն 640 հազար դրամ, ծախսել՝ 41 մլն 470 հազար դրամ, և տարեկան կստանա ավելի քան 33 մլն դրամ։ ԲՀԿ-ն նախընտրական հիմնադրամ է մուտքագրել 132 մլն 500 հազար դրամ, ծախսել՝ 122 մլն 203 հազար դրամ, իսկ տարեկան պետական ֆինանսավորումը կկազմի շուրջ 58 մլն դրամ։

Այլ կերպ ասած՝ ընտրություններին մասնակցությունը հատկապես «Հայաստանի շնորհապետական» կուսակցության համար ֆինանսական առումով առավել շահավետ է ստացվել։