Գերմանիան մշտական ռազմական ներկայություն կունենա Բելառուսի սահմանին
Գերմանիան նախատեսում է մշտական հիմունքներով Բունդեսվերի 45-րդ տանկային բրիգադի շուրջ 5000 զինծառայող տեղակայել Լիտվայում (Բելառուսի սահմանի մոտ)։ Ինչպես հայտնում է BILD-ը, մինչև 2027 թվականի վերջը ստորաբաժանումը պետք է ամբողջությամբ համալրված և մարտական պատրաստության բերված լինի։ Պարբերականը նշում է, որ երկրի ժամանակակից պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գերմանական նման խոշոր զորամիավորումը մշտական ծառայություն է անցնելու Գերմանիայի սահմաններից դուրս։
Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի փոխանցմամբ՝ ենթակառուցվածքների նախապատրաստումն ընթանում է սահմանված ժամանակացույցից շուտ. աշխատանքները մոտ տասը ամսով առաջ են ընկել, ինչը թույլ է տալիս ավելի շուտ անցնել հաջորդ փուլին: Նախարարը չի բացառել, որ բրիգադը կարող է լիարժեք պատրաստության հասնել նույնիսկ նախանշված ժամկետից շուտ:
Այս պահին Լիտվայում արդեն իսկ կա շուրջ 1800 գերմանացի զինվորական. նրանք մասնակցում են Բելառուսի սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պաբրադե բնակավայրում անցկացվող «Freedom Shield» զորավարժություններին: Մանևրներում ներգրավված են 45-րդ տանկային բրիգադը, Աուգուստդորֆի 203-րդ տանկային գումարտակը և Օբերֆիխտախի 122-րդ մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները: Կաունասի բնորոշմամբ՝ գերմանական զորքի տեղակայումը ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման առանցքային տարր է և լիտվա-գերմանական համագործակցության զարգացման կարևոր գործոն:
WELT պարբերականի տեղեկություններով՝ մինչև 2026 թվականի աշուն տանկային բրիգադը կսկսի տեղակայվել Ռուդնինկայի շրջանում, որտեղ զինծառայողները բնակվելու են իրենց ընտանիքների հետ։ Այդուհանդերձ, Բունդեսվերում ընդունում են, որ լիարժեք մարտական պատրաստության հասնելու ճանապարհին կարող են կադրային խնդիրներ առաջանալ։ Ցամաքային զորքերի տեսուչ, գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգը նշել է, որ թեև առաջնահերթությունը դեռևս տրվում է կամավորական սկզբունքով համալրմանը, անհրաժեշտության դեպքում այն կարող է լրացվել պարտադիր միջոցներով։
Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունում ընդգծում են, որ մարտունակության հարցում գլխավորը պետք է լինի արդյունավետությունը, նույնիսկ եթե դրա համար պետք լինի հրաժարվել բացառապես կամավորական մոդելից։

