Երևանի Ամիրյան փողոցը վերանվանվեց Պապ թագավորի անունով
Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվել է Պապ թագավորի անունով, որոշումը կայացվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում:
«Ուզում եմ վերհիշենք, թե առհասարակ ով էր Արսեն Ամիրյանը, այստեղ իհարկե դժվար կլինի վերհիշելը, որովհետև դահլիճում նստածների 90%-ը այդպես էլ չհասկացան, թե այդ մարդը ով էր, և այդ մարդու անունով Երևանի կենտրոնական փողոցում մենք ունենք փողոց: Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների ու ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանիքներն ունի, որ Երևանի Հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի»,- ասել է Ավինյանը:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ անդրադառնալով նախագծին՝ շեշտեց, որ սա հանրային լեգիտիմություն չունեցող նախագիծ է, առաջարկեց նախագիծը դարձնել քննարկվող, որպեսզի բոլոր մտավախությունները փարատվեն ու արգումենտավորվեն:
«Հիմա սա բերել ու չզեկուցվողով անցկացնելը ինչ է նշանակում, ոչ ավագանու մեջ կա կոնսենսուս, ոչ էլ որևիցե հանրային ազդակ կա, դիցուք՝ Ամիրյան փողոցի բնակիչներից որևիցե մեսիջ: Առաջարկում եմ սա անպայման դարձնել քննարկվող, որպեսզի հասկանանք, թե ինչ փաստարկներից ելնելով պետք է փողոցը անվանակոչվի: Տպավորություն է, որ Պապ Թագավորը օգտագործվում է, որպեսզի Ամիրյանի անունը անվանափոխվի»,- նշել է Սուքիասյանը:
Տիգրան Ավինյանը Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին հարցը զեկուցվող դարձնելու մասին առաջարկը դրեց քվեարկության, արդյունքում հարցը մնաց չզեկուցվողների շարքում:

