Դե ինչ, Փաշինյանը հնարավորություն ունի ԿԳՄՍ նախարարին հրահանգելու, որ պատասխանի ադրբեջանցի գործընկերոջը. Հակոբ Բադալյան
«Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաևը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Վերլուծաբանը մանրամասնում է, որ այդ մտքերը նա հայտարարել է Օրդուբադում տեղի ունեցող՝ Արևմտյան Ադրբեջանի թեմայով երրորդ փառատոն-համաժողովի շրջանակում:
«Հիշեցնեմ, կրթության ու գիտության նախարարությունը Ադրբեջանի պետական կառուցվածքում՝ պետական ինստիտուտ է, ոչ թե հանրային: Դա Ադրբեջանի կառավարության պորտֆել է: Ահա այդ պորտֆելի կրողը ասում է, որ Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական է, և հայտարարում է, որ այդ հարցում չափազանց մեծ է Իլհամ Ալիևի դերը:
Ավելին, այդ նախարարը բերում է «Արևելյան Զանգեզուր» ադրբեջանցիների վերադարձի օրինակը, ասելով, թե հետևողական աշխատանքի պարագայում իրականանալի է ցանկացած նպատակ:
Այսինքն, նա իրականանալի է համարում «Արևմտյան Ադրբեջան» այսպես կոչված «վերադարձի» նպատակը՝ հետևողական աշխատանքի դեպքում:
Ադրբեջանի կառավարության անդամի խոսքերը հնչում են անմիջապես հետո այն խոսքերի, որ նախօրեին հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեման մտացածին է:
Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր կառավարության անդամին՝ ԿԳՄՍ նախարարին, կամ գոնե նախարարության խոսնակին հրահանգելու, որպեսզի պատասխանեն ադրբեջանցի գործընկերոջը: Թեև, Նիկոլ Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկլալել»։

