Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. Բաքուն պահանջներ է հնչեցնում

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Այս մասին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողներին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:

Ազիզ Ալեքբերլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների» «հայրենի հողեր» վերադարձի անխուսափելիության մասին:

Ազիզ Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար:

Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաևը ևս անդրադարձել է թեմային՝ նշելով «Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն»։

Կստանա՞ արդյոք Բաքուն ջախջախիչ պատասխան Հայաստանի իշխանության կողմից։ Թե՞ նրանք «խաղաղություն» կառուցելով են զբաղված և «մանր հարցերը» իրենց չեն զբաղեցնում։