Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում
Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։
«Հորմուզի նեղուցով անցման համար ծառայության տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում», – ասել է նա՝ հավելելով, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա մինչպատերազմյան վիճակին։
Ենթադրվում է, որ Իրանը կսկսի նավերից վճար գանձել նեղուցով անցման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60 օրվա ժամանակահատվածի ավարտից հետո։
Ղալիբաֆը նաև նշել է, որ Լիբանանը բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։
«Մենք միջնորդին ասել ենք, որ Լիբանանի և արգելափակված/սառեցված միջոցների վերաբերյալ հարցը բանակցությունների հիմնական թեմաներից են», – նշել է նա։
Ըստ հուշագրի, որի մասին հաղորդել էր BBC-ն, 60 օրվա ընթացքում ջրային ուղով անցնող նավերից ոչ մի գումար չի գանձվի։ Սակայն հուշագիրը հնարավորություն է թողնում հետագա գանձումների համար։ Հիշեցնենք՝ հակամարտությունից առաջ ոչ մի տուրք չէր գանձվում նեղուցով նավագնացության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի վերակառուցման 300 միլիարդ դոլարի ծրագիր և Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է քննարկվի հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրվա բանակցությունների ընթացքում։ Բացի այդ, հուշագրով նախատեսվում է, որ Իրանի հարստացված ուրանը պետք է նոսրացվի տեղում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանու ներքո։

