Թուրքիան դառնում է միջազգային դիվանագիտության սիրտը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը վերածվում է համաշխարհային դիվանագիտության կարևորագույն կենտրոններից մեկի։ Այս մասին նա խոսել է Անկարայի օդանավակայանի նոր թռիչքուղու, կառույցների և կապող ճանապարհների բացման պաշտոնական արարողության ժամանակ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը
Էրդողանը հիմնական շեշտադրումը կատարել է Թուրքիայի աշխարհագրական ու քաղաքական դիրքի վրա՝ նշելով.
«Թուրքիան, որն ընդամենը 4 ժամյա թռիչքի հեռավորության վրա է գտնվում 1.5 միլիարդ բնակչություն ունեցող 67 երկրի կենտրոնից, իր Անկարայով, Ստամբուլով և Անթալիայով արդեն սկսել է դառնալ միջազգային դիվանագիտության սիրտը»։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ երկրի կշիռը գլոբալ քաղաքականության մեջ մեծանում է, ինչի վկայությունն Անկարա մեկնող օտարերկրյա պատվիրակությունների թվի շարունակական աճն է։
Որպես Թուրքիայի դիվանագիտական ակտիվության ապացույց՝ նա հիշատակել է սպասվող խոշոր միջոցառումները, մասնավորապես՝ հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ինչպես նաև աշնանը նախատեսված «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT-ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը և ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը» (COP31)։

