Դատարանը մերժել է, Գլխավոր դատախազությունը՝ բողոքարկել
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։
Այս մասին հայտնել էին Հակակոռուպցիոն դատարանից։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի մերժման որոշումը։
Դատական ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի: Հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի՝ 2009-2016-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի («Երևան-մոլ»-ի նախկին սեփականատեր) նկատմամբ:
Գործն առնչվում է Բրյուսովի անվան համալսարանի՝ 208 մլն դրամ արժեքով գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթին:

