Ռուսաստանում աղմկահարույց օրինագիծը հավանության է արժանացել

Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է միգրացիոն ծառայությունների համար սահմանված պետական տուրքերի բազմապատկում։

ՌԴ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունից դուրս գալու համար սահմանված տուրքն աճել է 12 անգամ՝ 4200 ռուբլուց հասնելով 50 հազար ռուբլու։ Ռուսաստանի Դաշնությունում կացության կարգավիճակ ձևակերպելու պետական տուրքն ավելացել է հինգ անգամ՝ նախկին 6 հազարի փոխարեն դառնալով 30 հազար ռուբլի, իսկ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար գումարն աճել է ութ անգամ՝ 1900-ից դառնալով 15 հազար ռուբլի։

Բացի այդ, բարձրացվել է նաև արտասահմանցի աշխատակիցներ ներգրավելու համար նախատեսված տուրքը, որի արդյունքում մեկ անձի հաշվարկով վճարն այժմ կազմում է մոտավորապես 15 հազար ռուբլի։ Տուրքերի թանկացման առաջարկով հանդես է եկել ՌԴ ֆինանսների նախարարությունը։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պարզաբանել է, որ այս քայլով պատկան մարմինները նպատակ ունեն «ազդել ժամանողների մակարդակի վրա»։ Նկարագրելով Պետդումայում պատկերացվող ցանկալի միգրանտի կերպարը՝ նա նշել է. «Դա պետք է լինի կայացած և շատ բանի հասած մարդ»։