Կարկուտը լցվել է ննջարան՝ ծածկելով մահճակալը, կա տուժած

Գիշերը Գյումրիում տեղակացած կարկուտի հետևանքով քաղաքացիներից մեկը կոտրված է ստացել։

«Կարկուտի հետևանքները Գյումրու Ղարիբջանյան փողոցի տներից մեկում։ Տան անդամներից մեկը կոտրվածքներով տեղափոխվել է Գյումրի ԲԿ»,- հայտնել է «Ցայգն» ու հրապարակել տեսանյութ։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։