Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր

Գյումրիում գիշերը տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը կաթվածահար են արել երթևեկությունը,  քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար: 

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնել է, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։

«Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,- նշել է Չադրյանը։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել համապատասխան ամբողջ տեխնիկան։ Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։

 «Ցայգ»-ի տեսանյութը