Հենց Ռուսաստանն է միշտ եղել Հայաստանի անկախության երաշխավորը. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության միջև ընտրություն կատարելիս Հայաստանը պետք է հիշի, որ հենց Ռուսաստանն է միշտ եղել նրա անկախության երաշխավորը: Այս մասին հայտարարել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը միշտ եղել է հայկական անկախության երաշխավորը: Կարծում եմ՝ այս ամենը պետք է հիշել և հաշվի առնել, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացնի, թե որ միությանն անդամակցել։ Քանի որ միաժամանակ թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում գտնվելը գրեթե անհնար է»,- հայտարարել է հատուկ ներկայացուցիչը Բիշքեկում ընթացող ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում:

Շվիդկոյի խոսքով՝ ռուս և հայ ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր։ Իսկ Հայաստանն իր ներկայիս տեսքով մեծապես ձևավորվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության ջանքերի շնորհիվ:

«Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները կրեն նման միակողմանի բնույթ։ Ամեն դեպքում, մի կողմի պրագմատիզմը կորոշի նաև մյուս կողմի պրագմատիզմը։ Մենք որևէ կերպ չենք ցանկանում, որ Ռուսաստանն օգտագործվի որպես սոսկ էժան ածխաջրածինների մատակարար կամ որպես սեփական արտադրանքի իրացման շուկա, որը հնարավոր չէ իրացնել Եվրոպական միության երկրներում»,- մանրամասնել է Շվիդկոյը։