ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակում է Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի հարցում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հետագա ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Փաստաթուղթն ընդունվել է 215 կողմ և 208 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ այն բանից հետո, երբ չորս հանրապետական կոնգրեսականներ միացել են դեմոկրատներին։
Քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի արդեն չորրորդ փորձն է՝ զսպելու նախագահի ռազմական լիազորությունները, որոնք քննադատների կարծիքով իրականացվում են առանց Կոնգրեսի անհրաժեշտ հավանության։
Օրինագիծը դեռ պետք է քննարկվի և հաստատվի հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատում։ Սակայն նույնիսկ դրա ընդունման դեպքում փորձագետները նշում են, որ այն չի կարող ամբողջությամբ կանխել Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը։
Քվեարկությունը նաև ընդգծել է Հանրապետական կուսակցության ներսում առկա տարաձայնությունները։ Հանրապետական պատգամավորներ Թոմաս Մասին, Բրայան Ֆիցպատրիկը, Թոմ Բարեթը և Ուորեն Դևիդսոնը կողմ են քվեարկել նախաձեռնությանը՝ միանալով դեմոկրատների միասնական դիրքորոշմանը։ Նրանց է միացել նաև Մեյն նահանգից դեմոկրատ Ջարեդ Գոլդենը, որը նախկինում դեմ էր հանդես եկել նման նախաձեռնություններին։
«Միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավասություն, և մենք պարտավոր ենք պաշտպանել այդ սահմանադրական սկզբունքը», — հայտարարել է կոնգրեսական Թոմ Բարեթը։ Նա նաև նշել է, որ պատրաստ է կրել իր քվեարկության քաղաքական հետևանքները։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ անդամ Գրեգորի Միքսը քվեարկությունը բնութագրել է որպես «նախագահ Թրամփի կողմից Իրանում իրականացվող անօրինական և ծախսատար պատերազմի երկկուսակցական դատապարտում»։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները չեն ապահովել հայտարարված նպատակների իրականացումը, փոխարենը հանգեցրել են էներգակիրների գների աճի և բարդացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական գործընթացը։
Չնայած ապրիլի 8-ին կողմերի միջև ձեռք բերված նախնական հրադադարի համաձայնությանը, վերջին շաբաթներին ռազմական բախումները շարունակվել են։ ԱՄՆ-ն իրականացրել է նոր հարվածներ Իրանի դեմ, իսկ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցների ուղղությամբ գործողություններով։
Միևնույն ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները «շատ լավ» են ընթանում և կարող են հանգեցնել համաձայնության արդեն առաջիկա օրերին։
«Մենք նրանց բավականին ուժեղ հարված հասցրինք, սակայն այժմ շատ մոտ ենք համաձայնության հասնելուն։ Իրականում մենք բավական լավ հարաբերություններ ենք հաստատել նրանց հետ», — ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

