Արևմուտքին պետք են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա
Արևմուտքն ու ԱՄՆ-ը Հայաստանին մոտենում են իրենց խլելու և թալանելու տրամաբանությամբ, նրանց պետք են այս երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիքների վրա։
«Կարելի է շարունակել մնալ ինչ-որ պատրանքների մեջ, կամ կարելի է նայել իրականության աչքերին և տեսնել այն, ինչ իրականում տեղի է ունենում»,- հորդորել է նա։
«Արևմուտքում «խլելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցման տրամաբանությունը, ցավոք, կենդանի է, և նրանք այն կիրառում են նաև Կովկասում», – վստահ է Զախարովան։
Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ ներկայացուցչի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջերս կատարած այցը Հայաստան։
«Նա չէր կնքում միջազգային պայմանագրեր, որոնք պարտադիր բնույթ են կրում երկու կողմերի համար, ոչ, այլապես դա կլիներ իրավահավասարություն։ Ստորագրվեցին ինչ-որ հռչակագրային փաստաթղթեր, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է ակնհայտ, ինչպես իրենք են ասում, միտում դեպի ռեսուրսատար և հազվագյուտ հողային ոլորտներ, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներին շատ են հետաքրքրում»,- նշել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
«Այսինքն՝ կարծես թե ոչ մի պատասխանատվություն չկա, բայց ամրագրել այն, ինչն իսկապես անհրաժեշտ մասն է ապագա զարգացման՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, նրանք ամրագրեցին»,- նշել է Զախարովան՝ նման մոտեցումն անվանելով «պայքար»։
Նա հիշեցրել է, որ այն թղթերի նման, որոնք հիմա Երևանում ստորագրեցին Ռուբիոյի հետ, նույնը ստորագրվել էր նաև ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք։
«Դրանից ի՞նչն է կատարվել, կցանկանայի հարցնել»,- հետաքրքրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է և առաջարկում է Հայաստանին փոխշահավետ, փոխարդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված շփում ու հարաբերությունների զարգացում բոլոր ուղղություններով՝ էներգետիկա, առևտուր, զբոսաշրջություն։
«Սա թղթի վրա մնացող սոսկ մտադրությունների հռչակագիր չէ, սա PR արշավ չէ. եկան, ստորագրեցին, ձեռք սեղմեցին, հետո հեռացան ու մոռացան: Այն, ինչ ստորագրվում է մեր կողմից, կատարվել է և կատարվում է։ Եվ կատարվում է ի շահ մեր երկրների ժողովուրդների», – համոզված է դիվանագետը։

