1918 թ. մայիսի 20-ին Իգդիրի ջոկատը պայթեցրել է Մարգարայի կամուրջը՝ կանխելով թուրքական զորքերի միավորումը
1918թ. մայիսի 20-ին թուրքական զորքերը հարավից և հարավ-արևմուտքից լայնածավալ գրոհ սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մարտական պլանի համաձայն, Իգդիրի հայկական ջոկատը կազմակերպված դիմադրությունից հետո նահանջեց և Մարգարայի կամրջով անցավ Արաքսը՝ միանալու Սարդարապատի պաշտպաններին։
Նահանջից անմիջապես հետո հայ մարտիկները պայթեցրին Մարգարայի և Կարակալայի կամուրջները՝ կտրելով թուրքական զորքերի ճանապարհը դեպի Արաքսի անցումներ։ Արդյունքում Սուրմալուի կողմից առաջացող թուրքական ուժերը չկարողացան անցնել գետը և թիկունքից հարված հասցնել Սարդարապատում կռվող հայկական զորքերին։ Պատմաբանների գնահատմամբ, այդ քայլը կարևոր դեր ունեցավ հայկական ուժերի դիմադրության հաջողության մեջ։
Մարգարայի կամուրջը գտնվում է Արմավիրի մարզի սահմանային Մարգարա գյուղի մոտ և մինչ օրս համարվում է Հայաստանի և Թուրքիայի միջև ամենակարճ ցամաքային ճանապարհը։ Արաքսի վրա ձգվող 170 մետր երկարությամբ կամուրջը կրում է նույնանուն գյուղի անունը, որը 19-րդ դարի սկզբին հիմնադրել էին Մուշից և Իգդիրից գաղթած հայերը։
Թե երբ է կառուցվել կամուրջը, հստակ հայտնի չէ, սակայն պատմական աղբյուրները վկայում են, որ դեռևս 1915 թվականին այն փայտյա էր։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայեր այդ կամրջով անցել են Արևելյան Հայաստան։
Մարգարայի կամուրջը հիշատակվում է նաև զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի մասին պատմական վկայություններում։ Ըստ այդ պատմությունների, երբ Իգդիրի հայությունը ցեղասպանության օրերին Դրոյի ուղեկցությամբ անցել է կամուրջը, նա հրամայել է այրել այն՝ հետապնդող թուրքական ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու համար։
Աղբյուրը՝ 301 հայերեն

