Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական և գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։
Քննարկմանն ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։
Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։
Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները:

