Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի համար
Իրանը Միացյալ Նահանգներին հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բավարարի հինգ պայման: Այս մասին հաղորդել է իրանական Fars գործակալությունը։
Խնդրին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ այդ հինգ պահանջները հետևյալն են՝ պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։
Աղբյուրը նշել է, որ այս պայմանները պետք է բավարարվեն բանակցություններից առաջ վստահության նվազագույն մակարդակ ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում հայտնել է, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել սպառնալիքների և հարկադրանքի միջոցով: Նրա խոսքով՝ իրանական ծրագիրը մերժվել է, քանի որ այն չի եղել կապիտուլյացիայի առաջարկ, հետևաբար, պարզ է դառնում, որ «գլխավոր հարցը ոչ թե խաղաղությունն է, այլ քաղաքական կամքի պարտադրումը սպառնալիքների և ճնշման միջոցով»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտել է հստակ սկզբունքները՝ պատերազմի մշտական դադարեցում և դրա չկրկնվելու երաշխիքներ, փոխհատուցում վնասների համար, պաշարման վերացում, անօրինական պատժամիջոցների չեղարկում և Իրանի իրավունքների նկատմամբ հարգանք», – գրել է նա՝ հավելելով, որ սրանք առավելապաշտական պահանջներ չեն:
Իրանն իր պայմանները Միացյալ Նահանգներին ներկայացրել է Վաշինգտոնի առաջարկին ի պատասխան, որոնց թվում էր Իրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անընդունելի» էր որակել Իրանի առաջարկը:

