Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հասցրել են 887 հարված, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1,365 խախտում. ՌԴ ՊՆ
Հրադադարի հայտարարումից հետո Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հասցրել են 887 հարված, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1,365 խախտում: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության պատվին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը սկսվել է ուրբաթ օրը՝ ժամը 00:00-ից։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այն գործելու է մինչև մայիսի 10-ը։
«Ուկրաինայի զինված ուժերը 153 անգամ հրետակոծել են մեր զորքերի դիրքերը հրետանային միջոցներից, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, ականանետերից և տանկերից։ Նաև հասցրել են 887 հարված՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, այդ թվում՝ 394 հարված FPV-դրոններով, 107-ը՝ օկտոկոպտերային տիպի, 171-ը՝ ինքնաթիռային տիպի և 215 զինամթերքի նետում ԱԹՍ-ներից։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1365 խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ։

