Ստամբուլի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 4-ի, 5 մարդ համարվում է անհետ կորած

Ստամբուլում հոկտեմբերի 15-ին գրանցվել են 1942 թվականից ի վեր ամենաուժեղ տեղումները, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ 5 մարդու որոնման հայտ է ներկայացվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նահանգապետի խոսքով՝ քաղաքը սկսել է վերադառնալ նորմալ կյանքի, վնասի գնահատման աշխատանքները շարունակվում են, իսկ տուժած քաղաքացիներին վճարումները կսկսվեն ամենաուշը երկուշաբթի։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ 84 տարվա տեղումների ռեկորդը գերազանցել է. որոշ շրջաններում տեղումների քանակը քառակուսի մետրի վրա հասել է 272 կիլոգրամի։ Փրկվել է 3 հազար 50 մարդ։

Հոկտեմբերի 16-ին Ստամբուլի դպրոցներում դասերը դադարեցվել են։ Տեղումների շարունակվելու կանխատեսումների հետ կապված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել հետևել պաշտոնական զգուշացումներին։

Թուրքիայի ապահովագրական միությունը (TSB) հայտնել է, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ ջրհեղեղի պատճառով ապահովագրական ընկերություններին ներկայացվել է վնասի 838 հայտ։ Դրանցից 776-ը գրանցվել է հրդեհային ապահովագրության, 62-ը՝ կասկոյի շրջանակում։

TSB-ի նախագահ Ահմեդ Յաշարը նշել է. «Սրանք դեռ առաջին ծանուցումներն են։ Առաջիկա օրերին նոր հայտերի ստացմամբ և փորձագիտական աշխատանքների առաջընթացով վնասի իրական չափը կդառնա առավել հստակ»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրվա ընթացքում ջրամբարների լցվածությունը մեծապես աճել է։ Սակայն ջրամբարի 100 տոկոսով լցված լինելը չի նշանակում, որ այն փլուզման կամ անվերահսկելի արտահոսքի վտանգի տակ է. առայժմ վտանգ չկա։