Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր պաշտոնապես մեկնարկում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ինձ համար այս ընտրությունները Հայաստանի՝ ազգային պետություն լինել-չլինելու մասին են։ «Քանդենք պետությունը» կուսակցության իշխանության մնալու դեպքում ՀՀ-ն վերջնականապես դառնալու է Ալիևին կամակատար տարածք, Բաքվից են որոշելու՝ մենք ինչպիսի եկեղեցի ունենանք, ինչ պատմություն ունենանք, ինչ ներկայացումներ խաղանք, ինչի մասին խոսենք, ինչ սարի նայենք կամ չնայենք, ինչ Սահմանադրություն ունենանք և այլն։ Ես դեռ «մեղմ» ու շատ ակնհայտ միտումներն եմ ասում, մյուսները՝ շատ ավելի վտանգավորները, դեռ չեն երևում, բայց ինձ համար՝ որպես մասնագետ, ավելի քան տեսանելի են։

Ինչևէ, ի տարբերություն 2021-ի ընտրությունների՝ այս ընտրություններում ընդդիմադիր դաշտում որոշակի բազմազանությունը ես տեսնում եմ որպես դրական նշան, ես տեսնում եմ հնարավորություն՝ հասնել իշխանության փոփոխության։ 2021-ին ես, քիչ թե շատ ճանաչելով մեր հանրությանը, գիտեի, որ նախկինի հետ ստեղծված արհեստական դիլեման բերում է գործողի վերարտադրության։ Այս անգամ ես գիտեմ, որ եթե լինի բացարձակ ու աներկբա կոնսենսուս երկու հիմնական հարցի շուրջ, ստախոսին հեռացնելը դառնալու է շատ իրատեսական։

Այդ երկու հարցերն են՝

Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը։ Ընդ որում, սա ապացուցվում է փաստերով, իրենց խոսույթներով և ինքնախոստովանական ցուցմունքներով։

Անկախ իրենց քաղաքական հայացքներից՝ ՀՀ քաղաքացիները պետք է հունիսի 7-ին գնան քվեարկության, իրենց քվեով է որոշվելու Հայաստանի ու մեր բոլորիս ապագան։

Այս երկու հարցը պետք է մշտապես պտտվի բոլոր այն քաղաքական ուժերի խոսույթներում, որոնց իրական նպատակը սրանց հեռացնելն է իշխանությունից։ Վստահեցնում եմ՝ մեկ ամիս այս երկու հարցի շուրջ հանրային ու ընդդիմադիր դաշտի միասնական խոսույթը արդյունք է տալու։ Շատերն են հասկանալու սրանց մնալու աղետալի ու անդառնալի հետևանքները, շատերն են գնալու ընտրության հունիսի 7-ին։

Նիկոլ Փաշինյանը չունի մեծամասնություն ՀՀ-ում, ուղղակի նրա՝ ադրբեջանական թեզերով սնվող ու ագրեսիվ քարոզչության տակ գտնվող փոքրաթիվ ընտրազանգվածը գնալու է ընտրության, մեզ համար կարևոր է, որ ընտրության գնա փոքր-ինչ ավելի չկողմնորոշված, բայց այս իշխանությանը դեմ դիրքավորված մեծամասնությունը։ Եթե ընտրության գնա 1 միլիոն 400 հազար մարդ, մեկ ամիս անց՝ հունիսի 8-ի առավոտյան, «Քանդենք պետությունը» կգնա պատմության աղբարկղը՝ իր քարոզած ատելությամբ, բերած ցավով, պատճառած կորուստներով, սերմանվող բարոյազրկությամբ, հակաեկեղեցական արշավներով, վտանգավոր ադրբեջանական «ճշմարտություններով» և այլով․․․

Հարգելի ընդդիմադիրներ, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, այս ընտրությունները զուտ ձեր մասին չեն, այս ընտրությունները Հայաստանի մասին են, փորձեք շահել հայաստանցիների սրտերը, փորձեք ստեղծել բովանդակություն, մի պարտվեք ձեր ուղեղներում, մի հանձնվեք մանիպուլացիոն օրակարգերին, ստեղծեք ձերը ու աշխատեք, անհոգնել աշխատեք, դա անպայմանորեն արդյունք է տալու։