Հայաստանը ԵՄ անդամակցության գործընթացը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն. ԱԳ փոխնախարար
Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր» թեմայով պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նշել է, որ աշխարհում իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, և ներկայումս ձևավորվել է ավելի բարդ միջավայր, որտեղ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են։
«Այսօր շատ բաներ են փոխվել։ Այս առումով պիտի նշեմ, որ մենք ըստ երևույթին ապրում ենք ոչ սովորական ժամանակներում։ Երկու տարի առաջ ևս ոչ սովորական ժամանակներում էինք ապրում, բայց այսօր իրավիճակն ավելի բարդ է, ինչը նշանակում է, որ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են»,- ասել է նա՝ ընդգծելով ոչ ստանդարտ լուծումների անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Կոստանյանը կարևորել է ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով մեկնարկել է ԵՄ անդամակցության գործընթացը։
«Սա հստակ քաղաքական դրսևորում է առ այն, թե ապագայում որտեղ են Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդը տեսնում իրենց»,- նշել է նա։
Միաժամանակ Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը չի ակնկալում կարճաժամկետում անդամակցել ԵՄ-ին։
«Մենք իհարկե միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Սա, այդուհանդերձ, քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում ենք»,- ասել է նա։
Կոստանյանի խոսքով՝ այս գործընթացը ձևավորում է բարեփոխումների նոր և հավակնոտ օրակարգ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար, որն ունի կարևոր նշանակություն ինչպես ներքին, այնպես էլ պետական մակարդակներում։
Նա նշել է նաև, որ Հայաստանը ներկայում աշխարհում միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վարում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը, նրա խոսքով, սահմանում է համագործակցության հստակ շրջանակ և ճանապարհային քարտեզ՝ առաջին անգամ ներառելով անվտանգության և տնտեսության ոլորտները։
Կոստանյանը ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։
«Ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ սա վերջնական փուլը չէ և կան հաջորդ հանգրվաններ։
Նա նաև նշել է, որ մայիսի 5-ին Երևանում կանցկացվի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Միաժամանակ Կոստանյանը նկատել է, որ տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասցնում դրանց տեմպերին։
«Երբեմն մենք դանդաղորեն ենք շտապում, բայց պետք է համոզված լինենք, որ չենք ուշանում»,- նշել է նա։
Կոստանյանը նաև անդրադարձել է «Եվրոպական հարևանություն» հասկացությանը՝ նշելով, որ այն վերաիմաստավորման կարիք ունի։
Նրա խոսքով՝ ներկայում Հարավային Կովկասը կարևոր դեր է կատարում՝ Կենտրոնական Ասիան Եվրոպական միության հետ կապելու հարցում։

