ԱՄՆ զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են Եվրոպայից տեղափոխել Լատինական Ամերիկա. ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են Եվրոպայից վերաբաշխվել Արևմտյան կիսագնդում՝ Թրամփի վարչակազմի կողմից Հարավային Ամերիկայում թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների ընդլայնման ֆոնին։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։

«Մենք, անկասկած, ընդլայնում ենք մեր ներկայությունն ու ռազմական կարողությունները Կենտրոնական և Հարավային Ամերիկայում՝ գործընկերների հետ համագործակցությամբ, և դա պայմանավորված է նաև Վենեսուելայի հարցում նախագահի համարձակ քայլով», – լրագրողներին ասել է Հեգսեթը՝ նկատի ունենալով ԱՄՆ զինված ուժերի կողմից Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցության լայն հնարավորություններ ունի Էկվադորի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Պանամայի հետ։

ԱՄՆ-ը ներկայումս Հարավային Ամերիկայում մեծ ռազմակայան չունի։ Սակայն անցած տարվա աշնանից Պենտագոնը սկսել է ընդլայնել Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ ռազմական գործողությունները։

ԱՄՆ զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ենթադրյալ թմրանյութերի փոխադրմամբ զբաղվող նավերին։ Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ից ԱՄՆ զինված ուժերը Հարավային Ամերիկայի երկու կողմերում իրականացրել են առնվազն 70 հարված, որոնց հետևանքով, ըստ ամերիկյան կողմի, սպանվել է 234 «նարկոահաբեկիչ»։

Վերջին շաբաթներին ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի դեմ պայքարում կենտրոնացել են նաև այսպես կոչված «լողացող վառելիքալցակայանների» վրա։ Այդ գործողությունների ընթացքում ամերիկյան ուժերը կանգնեցնում են Էկվադորի ափերի մոտ գտնվող խոշոր ձկնորսական նավերը, անձնակազմին դուրս բերում, ապա ոչնչացնում նավը։

ԱՄՆ վարչակազմը երկու մոտեցումն էլ ներկայացնում է որպես տարածաշրջանում ապօրինի թմրանյութերի հոսքը կասեցնելու և թմրակարտելների դեմ պայքարելու միջոց։ Վաշինգտոնը դրանք համարում է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող կազմակերպություններ։