Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 23-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի եղբայրական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց միասնական աղոթք և հրաժեշտի արարողություն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին՝ արձանագրելով, որ հոգևոր պետերի նմանօրինակ փոխայցելությունները մեծապես նպաստում են երկու Քույր Եկեղեցիների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ու արդյունավոր գործակցությանը, ինչը աշխարհի փոթորկայույզ այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է։
Իր հերթին Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետը խորին երախտագիտություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ երկու Քույր Եկեղեցիները միասին անցել են նահատակության ու փորձությունների միջով, և այսօր ևս, Մերձավոր Արևելքի ու Հայաստանի համար այս դժվարին օրերին, իրենց միասնականությունն ու աղոթքը զորակցության կենդանի վկայություն են երկու ժողովուրդների համար։
Խոսքի ավարտին Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը աղոթք առաքեց առ Բարձրյալն Աստված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար։

