Դատավորը մերժեց կալանավորել Արշակ Սրբազանին և նրա խափանման միջոցը թողեց անփոփոխ

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որ իրեն դիմեն հոգևոր անունով:

Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որ գործը կարճվի: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:

Հանրային մեղադրողը ևս հանդես եկավ միջնորդությամբ: Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ ռիսկեր են առկա, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն: Նիստերի դահլիճում գտնվող Արշակ Սրբազանի հարազատներից մեկը սկսեց արտասվել այդ միջնորդությունից հետո և հեռացավ նիստերի դահլիճից:

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որ առհասարակ վերացվի բոլոր խափանման միջոցները: Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:

Արշակ Սրբազանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ եթե ուզում են իր ազդեցությունն առհասարակ վերանա, ապա պետք է իրեն մահապատժի ենթարկեն, իսկ դատարանը դա ի զորու չէ իրականացնել. «Էս թեման ծիծաղելի է, զավեշտալի է, ինձ հետ առհասարակ կապ չունի»:

Դատավորը որոշեց  խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին: