Ռուս-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային ճգնաժամերի համատեքստում. մերձեցման սահմանները

Ռուսաստանի և Թուրքիայի «ռազմավարական գործընկերությունը»՝ որպես Մոսկվայի և Անկարայի երկկողմ հարաբերությունների բնութագիր, վաղուց դարձել է մի բանաձև, որի փոփոխականների քանակը տարեցտարի բազմապատկվում է:

Տարածաշրջանային անվտանգության, առևտրի և էներգետիկայի ապահովման ավանդական հարցերում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ նրբերանգներ են ի հայտ գալիս, որոնք ստուգում են այդ հարաբերությունների ամրությունը: Հատկապես նկատելի են տարակարծությունները տարածաշրջանային հարցերում. բացի արդեն ավանդական դարձած Մերձավոր Արևելքից և Հարավային Կովկասից, փորձաքար է դառնում Սև ծովում նավագնացության անվտանգության հարցը:

 

Թուրքիայի բազմավեկտոր դիվանագիտությունը նրան թույլ է տալիս ամրապնդել գործընկերային հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող երկրների հետ։ Երկկողմ օրակարգն առանձին ուղղությունների բաժանելը Մոսկվային և Անկարային հնարավորություն է տալիս ընդհանուր եզրեր գտնել այն հարցերի շուրջ, որտեղ նրանց դիրքորոշումները տարբերվում են։ Սակայն երկխոսության պատրաստակամությունը չի նշանակում համաձայնություն կողմերից յուրաքանչյուրի համար ցանկալի արդյունքի հետ։