Վառելիքի մատակարարումների խնդրի պատճառով Ավստրալիայի վարչապետը քաղաքացիներին հորդորել է օգտվել հասարակական տրանսպորտից
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին ուղերձով դիմել է ժողովրդին՝ կոչ անելով ավստրալացիներին օգտվել հասարակական տրանսպորտից՝ Իրանի պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի մատակարարման անորոշությունների պատճառով։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Ալբանիզին ասել է, որ «առաջիկա ամիսները կարող են հեշտ չլինել»։
«Դուք պետք է շարունակեք ձեր գործերը և ձեր կյանքը սովորականի պես։ Վայելեք ձեր Զատիկը։
Եվ առաջիկա շաբաթների ընթացքում, եթե կարող եք աշխատանքի գնալ գնացքով, ավտոբուսով կամ տրամվայով, ապա արեք դա», – ասել է Ալբանիզին։
Ավստրալիան ապրիլի 1-ից կրճատել է վառելիքի հարկերը՝ փորձելով զսպել վառելիքի գների աճը բենզալցակայաններում։
Կառավարությունը պնդում է, որ Ավստրալիան ունի իրեն անհրաժեշտ ողջ վառելիքը, սակայն խուճապային գնումների և բաշխման խնդիրները երկրի տարբեր շրջաններում վառելիքի պակաս են առաջացրել։

