Արեգակի ժայթքած պլազմայի ամպը հարվածել է Երկրին և առաջացրել հզոր մագնիսական փոթորիկ

Պայծառ փայլեր և առողջության համար վտանգներ

 

Ենթավերնագրից արդեն նկատեցիք՝ ոչ թե բևեռափայլեր կամ հյուսիսափայլեր, այլ փայլեր… Մագնիսական փոթորիկն այնքան հզոր է եղել, որ Երկրի մթնոլորտի վերին շերտերը լուսարձակել են ոչ միայն մոլորակի բևեռային շրջաններում, այլև նույնիսկ Գերմանիայում և Լեհաստանում:

Pogoda.mail.ruի փոխանցմամբ , որը հղում է կատարել El.kz-ին, Երկիրը հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը հայտնվել է 2026 թվականի սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորկի ազդեցության տակ: Տեղեկացվում է նաև, որ այս տարվա առաջին մագնիսական փոթորիկը հարվածել է Երկրին հունվարի առաջին օրերին։ Վերջին իրադարձությունն անակնկալ է եղել աստղագետների և երկրաֆիզիկոսների համար. երկրամագնիսական դաշտի խոտորումը սկսվել է հաշվարկային ժամանակից շուտ և զգալիորեն ավելի հզոր է եղել, քան ենթադրում էին կանխատեսող մոդելները:

Երկրի մագնիսոլորտի բուռն ակտիվության պատճառը վերջերս արեգակնային բռնկման ժամանակ ժայթքված արևային պլազմայի ամպի մոտենալն է եղել: Ակտիվության գագաթնակետը եղել Աստանայի ժամանակով հունվարի 10-ի 23:00-ից հունվարի 11-ի 1:00-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի ժամանակով հունվարի 10-ի 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում): Երեկվա դրությամբ բևեռափայլերի (ավրորաների) ինտենսիվությունը հասել է առավելագույն արժեքների. մթնոլորտի լուսարձակումը տեսանելի է եղել ընդհուպ մինչև 50 աստիճանի լայնություններում, ինչը թույլ է տվել հյուսիսափայլերին հետևել նույնիսկ Լեհաստանում և Գերմանիայում:

Արբանյակների տվյալները ցույց են տվել, որ Երկիրը դեռ գտնվում է արեգակնային պլազմայի հոսքի ներսում, ուստի մասնագետները չեն բացառել առաջիկա ժամերին և օրերին մագնիսական դաշտի կրկնվող խանգարումները: Սա նշանակում է, որ երկրամագնիսական ակտիվության նոր պոռթկումներ կարող են առաջանալ առանց նախնական նախազգուշացման, իսկ որոշ հետագա փոթորիկների ինտենսիվությունը կարող է համեմատելի լինել ընթացիկի հետ։

Հարկ է նշել, որ մագնիսական փոթորիկները կարող են ազդել էլեկտրոնիկայի աշխատանքի վրա. հնարավոր են արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքի ընդհատումներ, ռադիոկապի խափանումներ և վերգետնյա կապի գծերի վրա էլեկտրամագնիսական միջամտության ազդեցության մեծացում: Հետևաբար օդերևութաբաններն ու աստղագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել Արեգակի ակտիվության մասին հաղորդումներին և երկրաֆիզիկական ծառայությունների նախազգուշացումներին, հատկապես արևային բարձր ակտիվության շրջանում։

Ընդհանուր առմամբ, հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը ցույց է տվել, որ 2026թ. երկրամագնիսական ակտիվությունը կարող է անկանխատեսելի լինել, իսկ դրա հետևանքները նկատելի են ոչ միայն մթնոլորտում, այլև երկրի վրա: Մարդիկ պետք է հաշվի առնեն մագնիսական փոթորիկների ազդեցությունն իրենց առողջության վրա, հատկապես նրանք, ովքեր ունեն սրտանոթային կամ նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հետևեն կանխատեսումներին՝ բացասական հետևանքների հնարավոր ռիսկը նվազեցնելու համար:

Հաշվի առնելով արբանյակների տվյալները և Երկրի դեռ գտնվելն արեգակնային պլազմայի ամպի մեջ, փորձագետները նախազգուշացրել են, որ առաջիկայում հնարավոր են երկամագնիսական ակտիվության նոր ալեցայտեր: Սա նշանակում է, որ բևեռափայլերը կարող են կրկին դիտվել սովորական և ոչ բնորոշ լայնություններում, և մարդու առողջության և տեխնիկայի վրա հնարավոր բեռը մնում է բարձր: Բժիշկները խորհուրդ են տալիս առաջիկա օրերին հատկապես ուշադիր լինել ինքնազգացողության նկատմամբ, հետևել ճնշմանը, փորձել խուսափել կտրուկ ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետների հետ:

 

Գիտնական Էյսմոնտը բացատրել է, թե Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունն ինչպես կանդրադառնա երկրի վրա

Արեգակի վրա հզոր պայթյուն է գրանցվել։ Գիտնական Էյսմոնտը բացատրել է, թե այն ինչպես կանդրադառնա երկրի վրա և արդյոք որևէ վտանգ է ներկայացնո՞ւմ երկրի համար:

Արեգակի վրա հզոր պայթյուն է արձանագրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան: Այն տեղի է ունեցել հունվարի 8-ին: Գիտնականները նշել են, որ այժմ դժվար է ասել, թե որոշակի ինչի պատճառով է տեղի ունեցել պայթյունը, բռնկման վայրը հնարավոր կլինի տեսնել մոտ մեկ շաբաթ անց:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը «Аргументы и факты»ի հետ զրույցում բացատրել է, թե արդյոք արևի պայթյունները վտանգավոր են և ինչպես կարող են դրանք ազդել մարդկանց վիճակի վրա:

«Բռնկումից անմիջապես հետո դժվար է կանխատեսել հետևանքները,- «Аргументы и факты»ի հետ զրույցում  ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը:- Արևի վրա կան ինչ- որ իրադարձություններ, որոնք վերջնարդյունքում կարող են ազդել մարդկանց վիճակի վրա: Դրանք կարող են լինել Արեգակի պսակի հզոր պոռթկումներ կամ բռնկումներ, որոնք արտանետում են պլազմա, եթե այդ պլազմայի թանձրուկները հասնում են Երկիր և նրանք բավականին հզոր են, ապա ունակ են առաջացնել մագնիսական փոթորկներ: Իսկ, ահա, մագնիսական փոթորիկներն արդեն կարող են ազդել մարդու վիճակի վրա»:

Գիտնականը միաժամանակ հավելել է, որ շատ մարդիկ հակված են կարծելու, որ մագնիսական փոթորիկներն ազդում են իրենց վրա:

«Կա հոգեբանական գործոն,- բացատրել է նա:- Մարդիկ ներշնչվում են, եթե նրանց ասեն, որ փոթորիկները ազդում են, ապա նրանք կարող են սկսել մտածել, որ իրենց վրա նույնպես: Որոշ մարդկանց վրա իսկապես մագնիսական փոթորիկներն իրենց ազդեցությունն են ունենում, բայց նրանք փոքրամասնություն են: Արդյոք արևի բռնկումները վտանգավոր են, ես կպատասխանեմ՝ սա ինչ- որ չափով կանոնավոր բնական երևույթ է»։

 

Առաջիկայում երկրամագնիսական իրավիճակի վերաբերյալ մասնագետների կանխատեսումները

Ինչպես, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի մասնագետներին հղում կատարելով, տեղեկացրել է Ura.ruն , հունվարը շարունակում է լարվածության մեջ պահել մասնագետներին։ Միայն վերջին օրերին երկրամագնիսական իրավիճակը մի քանի անգամ փոխվել է թռիչքաձև, իսկ հունվարի 12-ին իրավիճակն ամենևին էլ չի ընթացել կանխատեսված սցենարով։ Չնայած համեմատաբար հանգիստ վիճակի կանխատեսումներին, Երկիրը ծածկել է գրեթե վեց բալ ուժգնությամբ մագնիսական փոթորիկը։

Մասնագետները հունվարի 20-ին հնարավոր են համարում մագնիսոլորտի գրգռման ուժեղացում մինչև հինգ միավոր, ինչը համապատասխանում է կարմիր մակարդակի մագնիսական փոթորկին: Այնուհետև, նախնական տվյալներով, մագնիսոլորտը հունվարի 21-ից 23-ը կմնա գրգռված վիճակում։ Կարճաժամկետ կայունացում հնարավոր է հունվարի 24-25-ին, սակայն արդեն հունվարի 26-27-ին չի բացառվում ակտիվության նոր աճը մինչև չորս բալ:

 

Մագնիսական փոթորիկ և բևեռափայլ

Մագնիսական փոթորիկը Երկրի մագնիսական դաշտի խանգարումն է, որն առաջանում է արևի բռնկումներից: Արեգակնային պլազմայի արտանետումների ժամանակ լիցքավորված մասնիկների հոսքերը թռչում են տիեզերք։ Հասնելով Երկիր, նրանք փոխազդում են մագնիտոսֆերայի հետ՝ առաջացնելով դրա տատանումներ՝ յուրահատուկ անտեսանելի փոթորիկ։

Մագնիսական փոթորիկների ուժը չափվում է 0-ից 9 բալանոց սանդղակով: Մինչև 3-ի արժեքները համարվում են հանգիստ, 4-ից՝ գրգռված: Հինգ կետից բարձր փոթորիկներն արդեն կարող են ֆիզիկապես զգացվել և ազդել տեխնիկայի աշխատանքի վրա: Հենց նման ժամանակահատվածներում մարդիկ ավելի հաճախ բողոքում են ինքնազգացողության վատացումից։

Բևեռափայլը կամ հյուսիսափայլը Երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի (80-1000 կմ) լուսարձակումն է։ Այն սովորաբար դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, իսկ երբեմն, մագնիսական փոթորիկների ուժեղ լինելու դեպքում, նաև միջին լայնություններում: Ըստ պատմական տվյալների, Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ։ Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորվել է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով, կամարները մեկ անհետացել են են, մեկ նորից հայտնվել։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարվել է պայծառ ճառագայթներով, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվել են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։

 

Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու մարմնի վրա

Մագնիսական փոթորիկները վտանգ են ներկայացնում ոչ միայն արբանյակային համակարգերի և ռադիոկապի աշխատանքի, այլև մարդու առողջության համար: Մարմնի վրա երկրամագնիսական խանգարումների ազդեցությունը պայմանավորված է Երկրի մագնիսական դաշտի փոփոխություններով և էլեկտրամագնիսական ճառագայթման տատանումներով: Մարդիկ, ովքեր զգայուն են օդերևութաբանական և երկրաֆիզիկական երևույթների նկատմամբ, կարող են զգալ գլխացավեր, թուլություն, քնի խանգարումներ, արյան ճնշման բարձրացում և սրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացում:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիպերտոնիայով, սրտի ռիթմի խանգարումներով և անոթային հիվանդություններով տառապող մարդկանց. մագնիսական փոթորիկների ժամանակ նրանց ախտանիշների սրման ռիսկը զգալիորեն մեծանում է:

Բացի վերոնշյալից, մագնիսական խանգարումները կարող են ազդել մարդու նյարդային համակարգի աշխատանքի և հոգեհուզական վիճակի վրա: Շատ մարդկանց մոտ նկատվում է դյուրագրգռության բարձրացում, հոգնածություն, կենտրոնացման նվազում և ընդհանուր թուլություն: Բժիշկները խորհուրդ են տալիս նման ժամանակահատվածներում նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, խուսափել սթրեսային իրավիճակներից, պահպանել քնի և սննդի ռեժիմը, ինչպես նաև նախազգուշական միջոցներ ձեռնարկել, հատկապես եթե կան քրոնիկ հիվանդություններ:

Ինչպես Ura.ruին բացատրել է սրտաբան Մարինա Օրլովան, երկրամագնիսական խանգարումները լրացուցիչ սթրես են դառնում օրգանիզմի համար, հատկապես քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում։  Նման օրերին սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը մեծանում է, հնարավոր են անոթային սպազմեր, ճնշման փոփոխություններ, գլխացավեր և գլխապտույտ:

Նյարդային համակարգը նույնպես արձագանքում է արեգակնային ակտիվությանը: Հնարավոր են քնի խանգարումներ, անհանգստության և դյուրագրգռության բարձրացում: Բացի վերոնշյալից, բժիշկները նշում են հոգեբանական գործոնի ազդեցությունը. եթե մարդը նախապես սպասում է ինքնազգացողության վատթարացմանը, ախտանշանները կարող են ուժեղանալ. գործարկվում է նոցեբոյի էֆեկտը։ Առողջ և ֆիզիկապես ակտիվ մարդիկ ամենից հաճախ դիմանում են նման ժամանակաշրջաններին, նկատելի հետևանքներ չեն լինում, նրանց օրգանիզմն ավելի արագ է հարմարվում արտաքին տատանումներին։

 

Ինչպես գոյատևել մագնիսական փոթորիկների օրերին

Մագնիսական փոթորիկների դեմ հատուկ բուժում գոյություն չունի։ Եթե առողջությունը նորմալ է, վերոնշյալ հրապարակման համաձայն, դեղերի կանխարգելիչ ընդունում չի պահանջվում: Գլխացավի դեպքում թույլատրվում է առանց դեղատոմսի տրվող ցավազրկողների օգտագործումը, բայց խստորեն ըստ ցուցումների:

Նյարդային համակարգին աջակցելու համար բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս մագնեզիում վիտամին B6-ով: Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար կարևոր է խստորեն հետևել իրենց համար նշանակված թերապիային և չփոխել դեղաչափերը առանց մասնագետի խորհրդատվության:

Վիճակի կտրուկ վատթարացման, ուժեղ ցավի, սրտի աշխատանքի ընդհատումների կամ ճնշման արտահայտված աճի դեպքում ամեն ինչ չի կարելի վերագրել մագնիսական փոթորկին. նման դեպքերում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

 

Արեգակի վրա այսօր նույնպես ուժեղ բռնկում է գրանցվել

Արեգակի ուժեղ բռնկումը, «Погода Mail»ի տեղեկացմամբ , գրանցվել է հունվարի լույս 12-ի գիշերը, այն արձանագրել են Երկրի ուղեծրում գտնվող GOES ապարատի ռադարները:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ներկայացուցիչները, ակտիվության գագաթնակետը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 03:31-ին: Արտանետմանը տրվել է M3.3 աստիճան: Բռնկումը դարձել է այս տարվա ամենաուժեղը նման երևույթների մեջ։ Էներգիայի մեծ մասն անցել է Երկրի կողքով։

Գիտնականները նշել են, որ սա նման ուժի արդեն 2-րդ պայթյունն է վերջին մի քանի օրվա ընթացքում: Նմանաբնույթ իրադարձություն տեղի է ունեցել 2026թ. հունվարի 8-ին։  Երկու արտանետումներն էլ ցույց են տալիս Արեգակի հակառակ կողմում գտնվող խոշոր ակտիվ կենտրոնի առկայությունը, որը Երկրից տեսանելի կլինի առաջիկա օրերին: Մասնագետները բացատրել են, որ դրա էներգիայի պաշարների վերաբերյալ ճշգրիտ ենթադրություններ կարելի է անել միայն այն դեպքում, երբ գոտին հայտնվի սկավառակի տեսանելի կողմում: Գիտնականները հիշեցրել են, որ 2026թ. սկզբից մագնիսական փոթորիկները տևել են արդեն երեք օր։

 

Արեգակնային 25-րդ փուլի ակտիվությունը կրկնակի գերազանցել է կանխատեսումները

Արեգակի ակտիվության ընթացիկ՝ 25-րդ փուլը, «Погода Mail»ի փոխանցմամբ , սկսվել է 2019 թվականին և կավարտվի 2030-ին։ Իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Արեգակի վրա 2019 թվականից ի վեր, իրենց ուժով արդեն երկու անգամ գերազանցել են գիտնականների կանխատեսումները։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչևը:

Գիտնականը նշել է, որ գիտությունն Արեգակի ակտիվության մասին տեղեկություններ ունի միայն վերջին 24-րդ փուլերից։ Այս ժամանակահատվածը ներառում է մոտ երեք դար: Մի քանի միլիարդ տարեկան աստղի տարիքի համեմատ, դա շատ փոքր ժամանակահատված է. ճշգրիտ հաշվարկներ կատարելը դժվար է:

Դիտարկումների ողջ պատմության ժամանակաշրջանում մեկ փուլի ընթացքում ոչ մի անգամ միանգամից երկու գագաթ չի արձանագրվել։ Ըստ հաշվարկների, Արեգակի վրա այժմ ակտիվության անկում է սկսվում, ակայն գիտնականները չեն բացառում բեկման հավանականությունը։ Այդ ժամանակ արդեն ընթացիկ տարում աստղը կրկին կզարմացնի և կհասնի երկրորդ առավելագույնին։

 

Գիտնական Բերնսի կանխատեսումը

Գիտնական Բերնսի կանխատեսումն արեգակնային ավելի հզոր բռնկումների մասին է: Նա երկրի բնակիչներին նախազգուշացրել է հունվարի վերջին Արեգակի հզոր ակտիվության մասին: Ամերիկացի երկրաբան Ստեֆան Բերնսի խոսքով՝ Արեգակի վրա ձևավորվել է բծերի խումբ, որը կարող է լուրջ բռնկումներ առաջացնել, ուստի երկրաբնակները շուտով կզգան արեգակնային հզոր ակտիվության ազդեցությունը: Այս մասին, «Аргументы и факты»ի փոխանցմամբ, գիտնականը գրել է X սոցիալական ցանցում:

 

Արթուր Հովհաննիսյան