Ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով․ Կառավարության անդամների հայտարարագրերը․ Factor TV

«Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, ի՞նչ են անում մարդիկ կանխիկով»,- Նիկոլ Փաշինյանի հռետորական այս հարցը երեկ հնչեց Կառավարության նիստում։  Ո՞ւմ է պետք կանխիկ փողը, ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով Factor TV-ն ուսումնասիրել է Կառավարության անդամների հայտարարագրերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 50 միլիոն դրամ կանխիկ ունի, Տիգրան Խաչատարյանը՝ 10 հազար դոլար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 3 միլիոն դրամի չափով կանխիկ է հայտարարագրել, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ 2,7 միլիոն դրամ և 5000 դոլար, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 37 հազար դոլար և 2 միլիոն 750 հազար դրամ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կանխիկ 250 հազար դրամ ունի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 4 միլիոն 910 հազար դրամ և 8700 եվրո։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 1 միլիոն 900 հազար դրամ է հայտարարագրել, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ 1,5 միլիոն դրամ, 34 հազար դոլար և 500 եվրո։ Շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2 միլիոն դրամ կանխիկ գումար ունի, տարվա սկզբին առկա 20 հազար դոլար կանխիկը ծախսել է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 20 հազար դոլար, 10 հազար եվրո և 1 միլիոն դրամ է հայտարարագրել, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ 4,1 միլիոն դրամ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 100 հազար դրամ։ Կառավարության միակ անդամը, որը կանխիկ գումար չի հայտարարագրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։  «Ինչ կա մեր նորմալ, բնականոն կյանքում, որը սահմանված է օրենսդրությամբ, բարոյական նորմերով  և այլն, և այլն։ Ի՞նչ կա, որ հնարավոր չէ անել անկանխիկով»,- նույն նիստի ժամանակ նշեց վարչապետը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 700 հազար դրամի և 500 դոլարի չափով կանխիկ է հայտարարագրել, նրա կինը՝ Աննա Հակոբյանը՝ 650 հազար դրամ և 8500 դոլար։ Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները ևս հայտարարագիր և կանխիկ գումարների վերաբերյալ տվյալներ են ներկայացնում։ Օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 4 միլիոն դրամ և 2000 դոլար կանխիկ է հայտարարագրել, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ավելի քան 186 միլիոն դրամ կանխիկ ունի, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը 22 հազար դոլար, 4 հազար եվրո, 2 միլիոն դրամ է հայտարարագրել, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ 30 միլիոն 800 հազար դրամ, 19 հազար 500 եվրո, 24 հազար 900 դոլար։ «ՀԴՄ-ների մասին որ խոսեցիք, պատկերը բավականին լավն է։ Բոլոր կտրոնների քանակով 18 տոկոսանոց աճ ունենք, հասույթով 11 տոկոսանոց աճ ունենք։ Այստեղ ուրախալին այն է, որ անկանխիկի վարքագիծը կտրուկ փոխվել է առևտրում։ Անկանխիկի կտրոնների քանակով 52 աճ ունենք, իսկ հասույթների 31 տոկոսանոց աճ ունենք։ Այսինքն՝ կտրոնների և հասույթների մեծ մասն ապահովվում է անկանխիկի միջոցով»,- Կառավարության նույն նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահը։ Էդուարդ Հակոբյանը 4 միլիոն դրամ կանխիկ է հայտարարագրել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կանխիկ գումարներ չունեն։ Վարչապետին ենթակա մարմիններից Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը 20 հազար դոլար և 15 միլիոն 350 հազար դրամ կանխիկ դրամ է հայտարարագրել, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը՝ 8 միլիոն 300 հազար դրամ, 9700 դոլար, 1800 եվրո։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը 14 միլիոն դրամ և 5 հազար դոլար կանխիկ ունի, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ 3400 եվրո, 6600 դոլար և 100 հազար դրամ։ 10 մարզերի ղեկավարները նույնպես կանխիկ գումարներ են հայտարարագրել, առանձնացրել ենք նրանցից մի քանիսինը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում