Արտավազդ Սահակյան․ 50 հազար վիրահատություն, բազմահազար հիվանդների հույսի վերադարձ
Արտավազդ Սահակյանը թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի տնօրենն էր, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչը, եզակի բժիշկ, որին անվանում էին «Աստծո տված»։
Տասնամյակներ շարունակ Արտավազդ Սահակյանը իր բացառիկ մասնագիտական հմտություններով, անթերի վարպետությամբ և պատասխանատվությամբ բազմահազար հիվանդների ընտանիքներին հույս է վերադարձրել։
Նա բժիշկ էր, որին վստահում էին բոլորը, որպես բարձր պրոֆեսիոնալիզմի կրող։ Նրա հմտությունն ու պատասխանատվությունը հազարավոր մարդկանց կյանքի շարունակություն պարգևեց։ Նրա ողջ կյանքը սիրո խոստովանություն էր մարդու հանդեպ, մեծի ու փոքրի հանդեպ, ժողովրդի ու հայրենիքի հանդեպ, հերոսապատում էր, որ միշտ ավարտվում էր հաղթանակով։
Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:
Արտավազդ Սահակյանը միկրովիրաբույժության զարգացման և ձևավորման հիմնադիրն է Հայաստանում։
Արտավազդ Սահակյանը ծնվ. 1953թ., Նոյեմբերյանում։ Պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 1985թ-ից մինչ օրս ԱՆ-ի գլխավոր մասնագետ է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության գծով, 1996 թ. առ այսօր ղեկավարում է 1-ին համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան, ինչպես նաև՝ ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը, 2011թ-ից մինչ օրս ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական` կլինիկական գծով:
1969թ.-ին ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, 1975 թ-ին` ԵՊԲԻ Բուժական ֆակուլտետը, 1976 թ-ին` ինտերնատուրան:
1976թ․ աշխատել է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, 1976-1982թթ` Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի 15-րդ, 16-րդ հիվանդանոցներում` որպես ընդհանուր վիրաբույժ, բաժնի վարիչի պաշտոնակատար:
1982-1984թթ․ սովորել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում:
1984-1989թթ․ եղել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար:
1989թ. Մոսկվայում պաշտպանել է «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1986թ. պրոֆ. Ալ.Միքայելյանի հետ կատարել է երիկամի առաջին տրանսպլանտացիան:
1990-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին, աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում և ռազմական հոսպիտալում:
1990թ. դեկտեմբերին Փարիզում ՀՀ վարչապետի անունից բանակցություններ է վարել Իրանի առողջապահության նախարար, պրոֆեսոր Ֆազելի հետ (Պատրիկ Դևեջյանի միջնորդությամբ):
1995-1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
1996-2008թթ. եղել է համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրեն:
1996-1998թթ․ եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանվածության վարչության պետ, ՀՀ նախագահին կից ազատամարտիկների բուժման հանձնաժողովի անդամ:
Սկսած 1984-ից մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների Մոսկվայում, Թբիլիսիում, Թեհրանում, Փարիզում, Աթենքում (Լարիսա), Բեռնում, Ամստերդամում, Լոս Անջելեսում, Ռոչեստերում /ԱՄՆ/:
Պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մխիթար Հերացի» մեդալով (1998թ), ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության մեդալով» (2000թ), Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով (2003թ), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2007թ), ԵՊԲՀ-ի ոսկե մեդալով (3 անգամ), ԱՆ պատվոգրերով, ՀՀ նախագահի կողմից Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով (2010թ), ԼՂՀ նախագահի կողմից «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (2011թ), ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալով (2011թ), ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» (2012թ) և «Զինված ուժերի 20 տարի» (2013թ) մեդալներով, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով:
2014թ. արժանացել է Վաստակավոր բժշկի կոչման:
Հեղինակ է 200-ից ավելի գիտական հոդվածների և 7 գյուտի:
Մահացել է 2025թ․ դեկտեմբերի 7-ին։
Հայ անվանի սրտային վիրաբույժ, Հայաստանի ազգային հերոս Հրայր Հովակիմյանը Արտավազդ Սահակյանի մասին ասել է․ «Միայն ԱՄՆ-ում իմ կարգի ամենապակասը մի 500 սրտաբան կա, Եվրոպայում ևս մի 500, Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում և մնացած երկրներում ևս մի այդքան, կամ ավելի, բայց, Արտո Սահակյանի նման միկրովիրաբույժ, ամբողջ աշխարհում 5 հոգի չկա…»։
Վնասվածքաբան–օրթոպեդ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրել է․ «․․․Արտո` ընկերս, դու ստեղծել ես մասնագիտական այնպիսի հզոր դարբնոց, որտեղ կոփված քո սաները, վստահաբար, շարունակելու են գործդ…»։

