ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան ղազագիրը ստորագրելուն. 2
Սկիզբը՝ այստեղ
Նեղուցի ամերիկյան շրջափակման հետևանքով Իրանը զրկվել է ոչ միայն իր նավթը, հեղուկ գազը և այլ ապրանքներ բազմաթիվ երկրներ արտահանելու, նրանց վաճառելու, այլև ծովով իրեն անհրաժեշտ ապրանքները ներկրելու հնարավորությունից:
Ինչպես է Իրանը մտադիր շրջանցել ԱՄՆ-ի ծովային շրջափակումը
Նկատի ունենալով վերոնշյալ իրողությունը, Իսլամական Հանրապետությունը մտադիր է ազատ առևտրի գոտիներն օգտագործել ԱՄՆ-ի ծովային շրջափակումը շրջանցելու համար: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտնել է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարարության կարգադրությունը:
«Էկոնոմիկայի նախարարի հրամանով ամբողջ երկրում ազատ առևտրի գոտիները նոր դեր են ձեռք բերել բազային ապրանքների ներմուծման գործում, ինչը կարող է կայուն առևտրի պահպանման ու հակառակորդի ծովային շրջափակումը հաղթահարելու նոր միջոց դառնալ»,- գրել է գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին հանձնարարել էր սահմանամերձ նահանգների իշխանություններին չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման ազդեցությունը՝ սահմանամերձ առևտրի ակտիվացման և հիմնական ապրանքների առևտրի համար սահմանված պայմանների մեղմացումների հաշվին:
Նկատենք, որ վերոնշյալ միջոցառումների իրականացման շնորհիվ Իրանը ցամաքային ճանապարհով կկարողանա մասամբ ներկրել և արտահանել այն ապրանքները, որոնց առևտուրը մինչ ամերիկյան շրջափակումն իրականացվում էր ծովային ճանապարհով: Իրանը ցամաքային ճանապարհով սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին, Նախիջևանին, Թուրքմենստանին, Թուրքիային, Պակիստանին, Աֆղանստանին և Իրաքին, հետևաբար խոսքը նշված պետությունների կամ, թեկուզ, նրանց մի մասի հետ, ինչպես նաև նրանց միջոցով սահմանամերձ առևտրի ակտիվացման և ազատ առևտրի գոտիների օգտագործման մասին է:
Բանակցություններն ԱՄՆ-ին անհրաժեշտ էին հարվածային խմբավորումը մեծացնելու համար
Չինական «MizarVision»-ը ցույց է տվել արևմտյան երկրների նավերի տեղակայման նոր կադրեր, որոնք շարվում են ընդհանուր դիրքում՝ Իրանին հարվածները շարունակելու համար։ Ըստ հրապարակման, ֆրանսիական «Շառլ դը Գոլ» և ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակիրները գտնվում են Արևելյան Միջերկրական ծովում: ԱՄՆ-ի մեկ այլ ավիակիր՝ «USS Abraham Lincoln»-ը, իր հարվածային խմբավորման նավերի հետ միասին, ձգում է այս ցանցը դեպի արևելք՝ դեպի Իրան: Ապրիլի վերջին սպասվում է ամերիկյան «USS George H. W. Bush» ավիակրի ժամանումը:
«Նման դասավորվածությունն այլևս նման չէ առանձին նավերի պարզ հերթապահության,- նշված է հոդվածում։- Դա կարծես մտածված բազմաշերտ պաշտպանություն լինի գլխավոր հարվածից առաջ»:
Հեղինակի հավաստմամբ, հաստատվում է այն վարկածը, որ բանակցություններն ԱՄՆ-ին անհրաժեշտ էին հարվածային խմբավորումը մեծացնելու համար։
ՌԴ արտգործնախարարությունը ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Մերձավոր արևելք ուղևորություններից
Հաշվի առնելով հակամարտության հնարավոր վերսկսումը, ՌԴ արտգործնախարարությունը ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Մերձավոր արևելք ուղևորություններից:
«Այս պահին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Մերձավոր Արևելքի երկրներ այցելություններից, որոնք ներգրավված են ռազմական հակամարտության մեջ»,- «RT на русском»-ի փոխանցմամբ, «Парламентской газета»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը և խորհուրդ տվել նաև, հնարավորության դեպքում, չօգտվել այդ տարածաշրջանով տարանցիկ երթուղիներից:
Ավելի վաղ Կլիմովը պատմել էր, որ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտության սկզբից ի վեր, հակամարտությունից տուժած տարածաշրջանի երկրներից հայրենիք են վերադարձել ավելի քան 60 000 ռուսաստանցիներ:
Արթուր Հովհաննիսյան

