Գորիսի պետական քոլեջում արգելափակել են տնօրենի ԺՊ-ի մուտքը․ պարզաբանումներ են պահանջել նախարարից (տեսանյութ)
Գորիսի պետական քոլեջի շուրջ դրամատիկ զարգացումները շարունակվում են․․․
Նախ՝ քոլեջի աշխատակիցները, ովքեր հրաժարականի դիմումով էին արձագանքել Ժաննա Անդրեասյանի դեկտեմբերի 2-ի՝ քոլեջի տնօրենին պաշտոնանկ անելու մասին հրամանին, դրականորեն են արձագանքել Կարեն Լազարյանի հորդորին՝ հետ կանչելով նախօրեին ներկայացրած դիմումները։
Այդքանով հանդերձ, սակայն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։
Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Արմինե Կոլյանին։
Նախարարի այդ հրամանը պատճառ է դարձել, որ դասախոսներն ու ուսանողները լսարան չմտնեն և խաղաղ միջոցներով արգելափակեն քոլեջի մուտքը նորանշանակի առջև, քանի դեռ Ժաննա Անդրեասյանը չի պարզաբանել ստեղծված իրավիճակում առաջացած հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորև։
- Կարեն Լազարյանի ազատման հրամանում նախարարը որևէ պատճառ կամ հիմնավորում չի նշել՝ գործող օրենքից բխող։
Նախարարը պարտավոր է բացատրություն տալ և պատասխանել պարզագույն հարցին՝ ՀՀ ո՞ր օրենքի և օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա է Կարեն Լազարյանի աշխտանքային պայմանագիրը վաղաժամ լուծել։
- Գորիսում օրեր շարունակ խոսակցություններ են շրջանառվում նորանշանակ պաշտոնակատարի հավաստագրի արժանահավատության շուրջ։
Այդ հարցում պարզություն մտցնելու նպատակով, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, երեք անգամ հարցում է ուղղվել Ժաննա Անդրեասյանին՝ տրամադրելու Արմինե Կոլյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի հավաստագրման քննության հիմքերը, մասնավորապես հարցազրույցի ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները և հանձնաժողովի որոշումը տրամադրելու համար։
Սակայն նախարարը մինչև հիմա թաքցնում է նորանշանակի հավաստագրի հիմքերը՝ օրենքով սահմանված որևէ պատճառ (մերժման համար) չնշելով։
- Դատելով նախորդ մի քանի իրադարձությունից՝ ԿԳՄՍ նախարարության ներկայիս ղեկավարները որևէ մեկին հենց այնպես հավաստագիր չեն տալիս և կրթական հաստատության տնօրեն չեն նշանակում։
Ուստի և նախարարը պետք է անկեղծանա ու պատասխանի՝ ո՞վ է միջնորդել, ո՞վ է շահագրգռել նախարարությանը, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում զրո փորձ ունեցող տիկնոջը նշանակեն Գորիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար։
- Նախարարը պետք է բացատրություն տա նաև՝
ա) ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է ս․թ․ հոկտեմբերի 6-ին Արմինե Կոլյանը նշանակվել գոյություն չունեցող «Գորիսի պետական բազմագործառութային պետական քոլեջի» տնօրեն և ինչո՞ւ է 60 օր հետո նա ազատվել այդ պաշտոնից,
բ) 60 օր շարունակ որտե՞ղ էր Արմինե Կոլյանը և ինչո՞ւ նախարարությունը նրան պատասխանատվության չի ենթարկել՝ մեկ րոպե անգամ իր գործառույթները չկատարելու համար։
Վերոնշյալ պահանջներով է Գորիսի պետական քոլեջի աշխատակազմն ու ուսանողությունը դուրս եկել դասադուլի և գործադուլի։
Քանի դեռ այդ հարցերի պատասխանը չի տրվել՝ Արմինե Կոլյանը չի կարող համարվել Գորիսի պետական քոլեջի տնօրենի լեգիտիմ պաշտոնակատար։
Եվ որպեսզի ստեղծված խայտառակ իրավիճակը շուտ շտկվի և Արմինե Կոլյանը դուրս գա ոչ լեգիտիմի ու դրածոյի կարգավիճակից՝ Ժաննա Անդրեասյանը չպետք է թաքնվի և պետք է առերեսվի իրականության հետ՝ տալով պահանջվող բացատրությունները։

