Եվրոճիվաղներն անցել են գործի՝ «խաղաղության ծրագիր» կոչվածն անխուսափելի և մեծ պատերազմի ծրագրի վերածելու նպատակով. 2
Սկիզբը՝ այստեղ
Թե ինչի են հասել եվրոճիվաղները Ուկրաինական հակամարտության վերաբերյալ Թրամփի «խաղաղության ծրագրի» փոփոխության իրենց հետապնդած նպատակի հարցում, կարծում ենք, առաջիկայում կպարզվի պաշտոնապես և ամբողջովին: Սակայն այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ հրապարակվել են արևմտյան և ռուսական ԶԼՄ- ներում, եթե համապատասխանում են իրականությանը, քիչ հավանական են դարձնում փոփոխված ծրագրին Ռուսաստանի համաձայնությունը, ինչը նշանակում է, որ պատերազմը կշարունակվի:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, որն առաջարկել է Եվրամիությունը, կառուցողական չէ, այն հարմար չէ Ռուսաստանին:
«Մենք այսօր առավոտից արդեն տեղեկացել ենք եվրոպական ծրագրի մասին, որը, եթե պարզապես առաջին հայացքից բոլորովին ոչ կառուցողական է, մեզ պատշաճ չէ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս պահին ուկրաինական ճգնաժամի լուծման շատ տարբերակներ են «քայլում», սակայն Մոսկվան ստացել է միայն ԱՄՆ- ի նախնական պլանը:
«Bloomberg»- ի և բրիտանական «Financial Times» թերթի տվյալներով՝ Ժնևում Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչների հետ ԱՄՆ- ի ներկայացուցիչների բանակցություններից հետո հակամարտության կարգավորման ԱՄՆ- ի ծրագիրը 28 կետից կրճատվել է 19- ի: Թե որոշակի ինչ դրույթներ են հանվել փաստաթղթից, դեռ ամբողջությամբ հայտնի չէ:
Եվրոպան, ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 23- ին Ուկրաինական հակամարտության կարգավորման այլընտրանքային ծրագիր է ներկայացրել, ըստ որի, տարածքների փոխանակումը կքննարկվի արդեն զինադադարից հետո։ Ընդգծենք, որ ավելի վաղ ներկայացված Թրամփի «խաղաղության ծրագիրը» նախատեսում է ոչ թե տարածքների փոխանակում, այլ Դոնբասի՝ դեռ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող տարածքների հանձնում ՌԴ- ին, ԴԺՀ- ի, ԼԺՀ- ի և Ղրիմի նկատմամբ ՌԴ ինքնիշխանության ճանաչում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հակամարտ կողմերի շփման գծի սառեցում, ընդ որում, այս ամենը ոչ թե զինադադարից հետո, այլ առաջ:
Ըստ արևմտյան ԶԼՄ- ների տվյալների, Շվեյցարիայում, ի թիվս այլ հարցերի, կողմերին հաջողվել է համաձայնության հասնել գերիների փոխանակման ձևաչափի և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ: Կողմերը, «РБК-Украина»- ի տվյալներով նույնպես, որոշ դիրքորոշումների շուրջ կարողացել են համաձայնության գալ, օրինակ, նրանք համաձայնեցրել են, թե քանի զինվոր կարող է լինել Ուկրաինական բանակում, և ինչպես է տեղի ունենալու ռազմագերիների փոխանակումը։
Համաձայն ոչ պաշտոնական, դեռ նախնական տեղեկությունների, Ուկրաինային թույլատրվելու է մինչև 800 000- անոց բանակ ունենալ, ինչը նշանակում է Հատուկ ռազմական գործողությամբ ՌԴ հետապնդած նպատակներից մեկի (Ուկրաինայի ապառազմականացման) տապալում: Մինչդեռ, ինչպես կարծում են փորձագետները, Ռուսաստանը պնդելու է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում երկարաժամկետ խաղաղության հասնելու տարբերակը:
Ռուսաստանը մտադիր է ԱՄՆ- ի ծրագրում երկարաժամկետ խաղաղության մասին կետ ավելացնել։ ՌԴ- ն Ուկրաինայի հարցով ԱՄՆ- ի խաղաղության ծրագրի համաձայնեցման դեպքում մտադիր է երկարաժամկետ խաղաղության հասնել։ URA.RU- ին այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ИМЭМО միջազգային անվտանգության կենտրոնի ռազմաքաղաքական վերլուծության և հետազոտական նախագծերի բաժնի ղեկավար Սերգեյ Օզնոբիշչևը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնց մասին Մոսկվան հայտարարում է իր Հատուկ ռազմական գործողության սկզբից։
«Bloomberg» գործակալության և արևմտյան այլ ԶԼՄ- ների տվյալներով՝ ԱՄՆ- ի խաղաղության ծրագրից հանվել է այն կետը, ըստ որի, ՌԴ սառեցված միջազգային պահուստներից շուրջ 50 մլրդ դոլար պետք է ստանա ԱՄՆ- ը, 50 մլրդ դոլար էլ պետք է հատկացվի Ուկրաինայի վերականգնման ռուս- ամերիկյան ներդրումային հիմնադրամին: Ընդ որում, նշված միջոցները նախատեսված չէին Ուկրաինայի ֆինանսավորման համար։
Եթե Թրամփի ծրագրից իսկապես հանվել է վերոնշյալ կետը, որը որպես ԱՄՆ- ի կողմից ՌԴ ֆինանսական միջոցների բացահայտ թալան, Ռուսաստանի համար նույնպես, կարծում ենք, ընդունելի չի լինելու, ապա կարելի է եզրակացնել, որ այն եվրոճիվաղների և Զելենսկու ջանքերով հանվել է, որպեսզի նշված գումարների հաշվին ապահովվի Ուկրաինայի ֆինանսավորումը, այդ թվում նաև՝ բանակի կարիքների համար: Գրեթե բացառված է, որ Ռուսաստանը նշվածին համաձայնի:
Արևմտյան ԶԼՄ- ները տեղեկացրել են նաև, որ ժնևյան բանակցություններում երկու ամենաբարդ հարցերը հնարավոր չի եղել լուծել։ Դրանցից մեկը տարածքների խնդիրն է, մյուսը՝ Ուկրաինայի պաշտոնական հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այդ թեմաները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն անձամբ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման, բանակցությունների ժամանակ, որը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Արթուր Հովհաննիսյան

