Փարիզի դատախազությունը Լուվրի կողոպուտի 2 հիմնական վարկած է դիտարկում

Փարիզի դատախազությունն այս պահին դիտարկում է Լուվրի կողոպուտի երկու հիմնական վարկած։ Այս մասին հայտարարել Է դատախազ Լորա Բեկոն, հաղորդում է Le Figaro-ն, փոխանցում է rbc.ru-ն։  

Նրա խոսքով՝ իշխանությունները չեն բացառում, որ կողոպուտը պատվիրված է եղել, կամ էլ ձեռնարկվել է փողերի լվացման նպատակով։

«Կազմակերպված հանցավորությունը կարող էր երկու նպատակ հետապնդել. կամ նրանք պատվերով կողոպուտ են կատարել, կամ  [նրանք գողացել են] թանկարժեք իրեր փողերի լվացման համար»,-դատախազի խոսքը մեջբերում է Figaro թերթը։

Ինչպես հայտնել Է Բեկոն, դիտարկվում է նաև օտարերկրյա միջամտության վարկածը, սակայն այն «առաջնային չէ»: Այն մասին, որ Լուվրը կարող էին թալանել օտարերկրացիները, ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի ՆԳՆ-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան արձագանքել է Լուվրից զարդերի գողությանը՝ խոստանալով, որ դրանք կվերադարձվեն, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը պարզաբանել էր Լուվրից գողացված ութ զարդերի, այդ թվում՝ Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին պատկանող թագերի, ականջօղերի, վզնոցների և կրծքազարդերի վերաբերյալ տեղեկատվությունը։

«Լուվրում կատարված գողությունը հարձակում է այն ժառանգության վրա, որը մենք գնահատում ենք, քանի որ դա մեր պատմությունն է։ Մենք կվերադարձնենք արվեստի գործերը, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Այս նպատակով ամեն ինչ արվում է ամենուրեք՝ Փարիզի դատախազության ղեկավարությամբ», – գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։