Փաշինյանը՝ Լուկաշենկոյի ու Ալիևի մեջտեղում. մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Փաշինյանը Տաջիկստանի Հանրապետությունում  մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Դուշանբեում բացել է ԱՊՀ գագաթաժողովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք միշտ ուրախ ենք մեր երկրում ողջունել ընկերներին և գործընկերներին, որոնց հետ կիսում ենք ընդհանուր շահեր և համագործակցության զարգացման ձգտումներ… Մաղթում եմ Ձեզ հաճելի ժամանց Դուշանբեում, իսկ մեզ բոլորիս՝ արդյունավետ քննարկումներ և կառուցողական որոշումներ։ ԱՊՀ պետությունների ղեկավարների այս հերթական հանդիպումը ես հայտարարում եմ բացված»,- ասել է Տաջիկստանի ղեկավարը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի սահմանափակ նիստում ունեցած ողջույնի խոսքում։

Ռահմոնը բացատրել է, որ ԱՊՀ-ում իր նախագահության մեկ տարվա ընթացքում իր երկիրը, անդամ պետությունների և Գործադիր կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, շարունակել է համապարփակ աշխատանքը՝ նպատակներն արդյունավետորեն իրականացնելու համար։ «Կազմակերպվել են տարբեր մակարդակների և ձևաչափերի տասնյակ միջոցառումներ։ Առաջնահերթություն է տրվել կազմակերպության գործունեության կատարելագործմանը։ Շարունակվել են աշխատանքները առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տրանսպորտի, լոգիստիկ կապի և թվային ինտեգրման զարգացման ուղղությամբ»,- ավելացրել է նա։ Իր հայտարարությունից հետո Տաջիկստանի նախագահը խնդրել է մամուլին լքել նիստերի դահլիճը. բանակցությունները կշարունակվեն դռնփակ։