Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում երիտասարդացել են․ ե՞րբ կատարել մամոգրաֆիա․ մասնագետի խորհուրդը

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մամոգրաֆիկ ծառայության ճառագայթային ախտորոշման մասնագետ Իրինա Կիրակոսյանը պատասխանել է հաճախ տրվող հարցերի:

Ե՞րբ է պետք կատարել մամոգրաֆիա և ո՞ր տարիքից:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդացել են, ինչով պայմավորված կանխարգելիչ նպատակով, աղջիկներին և կանանց հորդորում ենք, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, 30 տարեկանից սկսած բժշկի ցուցմամբ անցնել ուլտրաձայնային զննություն:

Կախված ուլտրաձայնային զննության արդյունքում ստացված տվյալներից և անձի ժառանգական նախատրամադրվածությունից՝ կարող է իրականացվել նաև կրծքագեղձի ախտորոշիչ մամոգրաֆիկ հետազոտություն, որը թույլ է տալիս կրծքագեղձում հայտնաբերել դեռևս չշոշափվող փոքր գոյացությունները:

Կարելի՞ է ախտորոշիչ մամոգրաֆիա անցնել հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ:

Հղիության կամ կրծքով կերակրող կանանց մամոգրաֆիա չի իրականացվում, անհրաժեշտության դեպքում բժշկի ցուցմամբ կարող է իրականացվել ուլտրաձայնային կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային հետազոտություն:

Մամոգրաֆիան վնասո՞ւմ է կնոջ առողջությունը, ցավո՞տ է: Դաշտանային ցիկլի որերո՞րդ օրն է իրականացվում:

Մամոգրաֆիան կնոջ առողջության համար վնասակար չէ, իսկ արդի սարքավորումները օժտված են նուրբ սեղմվածության հնարավորությամբ` նվազեցնում են ցավային ազդեցությունը: Նախընտրելի է հետազոտությունն իրականացնել դաշտանային ցիկլից սկսած 5-15-րդ օրերին։

Սիրելի՛ կանայք, հիշե՛ք, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Բաց մի թողեք Ձեր տարեկան հետազոտությունները, եղե՛ք առողջ:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամ