Միայն իմ դիակի վրայով․ ինչպես Հովսեփ Օրբելին կանխեց Էրմիտաժի գանձերի վաճառքը

«Միայն իմ դիակի վրայով։ Կարող եք հենց այստեղ գնդակահարել ինձ, բայց քանի դեռ ողջ եմ, այդպիսի բան չի լինի։ Պետք է անհապաղ հեռանաք այստեղից, իսկ մենք արդեն բացում ենք պատուհանը․ այսպիսի հյուրերից հետո միշտ սմբակների հոտ է մնում»․ այսպիսին էր Էրմիտաժի Արևելքի բաժնի ղեկավար Հովսեփ Օրբելու արձագանքն անտիկվարիատի ներկայացուցիչներին, որոնք եկել էին Սասանյան հարստության արծաթե իրերը վերցնելու, քանի որ Ստալինի 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն արևմտյան աճուրդներում վաճառքի էին հանվել Էրմիտաժի մշակութային արժեքները ևս։

Հովսեփ Օրբելին հանդգնեց նամակ գրել Ստալինին և բացատրել, թե այդ քայլն ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը և երկրի բոլոր մշակութային օջախները։

Էրմիտաժում բոլորը տագնապով էին սպասում, թե ինչ է լինելու, սակայն Հովսեփ Օրբելին, բարեբախտաբար, դրական պատասխան ստացավ․

«Լենինգրադ, Պետական Էրմիտաժ։ Արևելքի բաժնի վարիչ, պրոֆեսոր Հ․Ա․ Օրբելուն

Հարգարժան ընկեր Օրբելի։ Ստացա հոկտեմբերի 25-ի Ձեր նամակը։ Ստուգումը ցույց տվեց, որ անտիկվարիատի հայտերը հիմնավորված չեն։ Այդ կապակցությամբ համապատասխան մարմինը արտաքին առևտրի ժողկոմատին և նրա արտահանման մարմիններին պարտավորեցրել է ձեռք չտալ Էրմիտաժի Արևելքի բաժնին։

Կարծում եմ, որ հարցը կարելի է համարել սպառված։

Խորին հարգանքով՝ Ի․ Ստալին 5XI.32»։

Օրբելի եղբայրների տուն-թանգարան