Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. Telegrapհ
Երկու երդվյալ թշնամիներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Հոդվածի սկզբում ներկայացվում են վերջին շրջանում ռուս-ադրբեջանական վատթարացող հարաբերությունները, զարգացումները, երկու երկրների՝ միմյանց հասցեին հնչեցրած հայտարարություններն ու սպառնալիքները։
«Այնուհետև Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչեց սպառնալիք, որ Բաքուն կարող է «գրավել երեք օրում», որը հիշեցնում է 2022 թվականի Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից առաջ օգտագործված հռետորաբանությունը։ Պատերազմը քիչ հավանական է։ Սակայն պառակտումը իրական է և վտանգավոր Մոսկվայի համար, քանի որ Հայաստանը Ադրբեջանի հետ 30 տարի շարունակ դաժան պատերազմներից հետո, միավորվում է իր հին թշնամու հետ՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար,-գրում է աղբյուրն ու շարունակում։ -Հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց անմիջական բանակցությունները կենտրոնացած էին «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը Հարավային Հայաստանի միջոցով Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ կապող առաջարկվող երթուղի է։
Այս միջանցքը կիրականացներ պանթուրքական երազանքը։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ պարոն Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն լիովին դնել Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում», – ասել է Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի միջազգային անվտանգության բաժնի տնօրեն Նիլ Մելվինը։-Դա թույլ է տալիս նրանց վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի»։
Չնայած հուլիսի 10-ի բանակցությունները անարդյունք էին, սակայն դինամիկան փոխվում է»։

