Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն խորհրդին
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն խորհրդին: Այս մասին հայտնում է Iran Internatioal-ը։
Չնայած Իրանը պաշտոնապես պատերազմական դրություն չի հայտարարել, սակայն դատական համակարգի պաշտոնատար անձինք հաստատել են, որ երկիրը փաստացի գործում է արտակարգ պայմաններում: Լիազորությունների փոխանցումը դիտվում է որպես նախազգուշական միջոց՝ Խամենեիի սպանության դեպքում հրամանատարության շարունակականությունն ապահովելու համար։
Քայլը հաջորդել է այն հաղորդագրություններին, որ Խամենեին տեղափոխվել է Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Լավիզան քաղաքի ստորգետնյա բունկեր իր ընտանիքի անդամների հետ միասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իրենք հստակ գիտեն Ալի Խամենեիի գտնվելու վայրը։
«Նա հեշտ թիրախ է, բայց ապահով է այնտեղ։ Մենք չենք պատրաստվում հեռացնել (սպանել) նրան, համենայնդեպս՝ ոչ հիմա»։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», – գրել էր ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։ Այնուհետև Թրամփը ևս մեկ գրառում է արել. «Անվերապահ կապիտուլյացիա»։

