Աշխարհում նկատվում է Ցելիակիա հիվանդության տարածվածության զգալի աճ
Մայիսի 16-ը` Ցելիակիայի մասին իրազեկման համաշխարհային օրն է։
Ցելիակիան (գլյուտենային էնտերոպաթիա) աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում գլյուտենի (ցորենի, տարեկանի և գարու մեջ պարունակվող սպիտակուցի) օգտագործումը վնասում է բարակ աղու լորձաթաղանթը: «Ցելիակիա» եզրույթն առաջացել է հունարեն κοιλιακός (koiliakós,”որովայնային”) բառից և թարգմանվել է 19-րդ դարում որպես հին հունական հիվանդություն Արեթեուս Կապադովկիացու կողմից:
Իրական հայտնագործությունը ցելիակիայի վերաբերյալ տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երբ պատերազմը ավերածություններ և սով բերեց ամբողջ Եվրոպայում, շատ երեխաներ սկսեցին վատ սնվել և թուլանալ։ Սակայն, ցելիակիա հիվանդությամբ տառապող երեխաների համար դա փրկություն դարձավ, քանի որ նրանք, սովի ժամանակ սկսեցին վերականգնվել: Այս հատկությունը նկատել է հոլանդացի մանկաբույժ Վիլեմ-Կարել Դիկեն, ում խնամքի տակ էին գտնվում ցելիակիա հիվանդությամբ երեխաները, երբ երեխաներին չորահաց էին տալիս, հիվանդությունը վերադառնում էր։
Ցորենի վերաբերյալ ենթադրությունները նրա մոտ հայտնվել են դեռ 1936 թվականից, իսկ հետագայում երկար ժամանակ փորձարկել է իր տեսությունը։ Երբ պատերազմն ավարտվեց, դոկտոր Դիկեն սկսեց հետազոտություններ կատարել՝ իր դիտարկումները գրանցելու և ապացուցելու համար: Նա պարզել է, որ պատերազմի ժամանակ Նիդերլանդներում ցելիակիա հիվանդությամբ երեխաների մահացությունը 30%-ից կրճատվել է գրեթե զրոյի, իսկ պատերազմի ավարտից հետո վերադարձել է նախկին մակարդակին: Սա օգնեց նեղացնել այն հարցերի շրջանակը, թե որ մթերքներն են առաջացնում ցելիակիա հիվանդության ախտանիշները:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, այսօր ցելիակիան (գլյուտենային էնտերոպաթիա) հանդիպում է բնակչության 0,5-1%-ի մոտ: Ցելիակիան սովորաբար փոխանցվում է ժառանգաբար: Այն կարող է հանդիպել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ, բայց դրսևորումները կարող են տարբեր լինել՝ կախված տարիքից։
Վերջին տարիներին աշխարհում նկատվում է հիվանդության տարածվածության զգալի աճ, որը դարձել է առողջապահական լուրջ խնդիր:
Ուսումնասիրությունները փաստում են, որ 2024-ից 2031 թվականներին կանխատեսվող ժամանակահատվածում ցելաիկիա հիվանդության տարեկան աճի միջին տեմպը կկազմի 9,8% Հյուսիսային Ամերիկայում, իսկ Եվրոպայում ՝ 8,8%:
Ցելիակիայի զարգացմանը կարող են նպաստել վիրուսային ինֆեկցիաները, վիրաբուժական միջամտությունները, էմոցիոնալ տրավման կամ անգամ հղիությունը։ Որոշ հիվանդություններ (1-ին տիպի դիաբետ, Էդիսոնի հիվանդություն, գրգռված աղու համախտանիշ, ռևմատոիդ արթրիտ և այլն) ունեցող մարդիկ ավելի շատ են ենթարկվում ցելիակիայով հիվանդանալու վտանգին։ Ցելիակիան բավականին դժվար է ախտորոշվում, և բժիշկները կարող են մի շարք հետազոտություններ իրականացնել, մինչև վերջնական ախտորոշումը։
Ցելիակիայի ախտանիշները
. փորլուծություն կամ փորկապություն
. սրտխառնոց, փսխում
. ցավ որովայնի շրջանում
Երեխաների շրջանում ցելիակիայի ախտանիշները ներառում են՝
. Փորլուծություն
. Փորկապություն
. Որովայնի փքվածություն
. Սրտխառնոց կամ փսխում
. Քաշի կորուստ
. Կարճահասակություն կամ աճի խանգարումներ
. Վարքագծային խնդիրներ և գրգռվածություն
. Գլխացավ
. Արթրիտ/արթրալգիա
. Ատամների էմալի խնդիրներ
. Կրկնվող աֆտոզ ստոմատիտ
Ներկայումս, ցելիակիայի միակ արդյունավետ բուժումը ամբողջ կյանքի ընթացքում առանց գլուտենի սննդակարգն է: Չկա ոչ մի դեղամիջոց, որը կկանխի հիվանդությունը, եթե սննդի մեջ առկա է գլուտեն։ Սննդակարգի խիստ պահպանումը օգնում է աղիքի պատի վերականգնմանը, հանգեցնելով գրեթե բոլոր ախտանշանների վերացմանը, և, կախված, թե ինչքան վաղ է սկսվել ճիշտ սննդակարգը, հնարավոր է օստեոպորոզի և աղիքային քաղցկեղի ռիսկի նվազում, երբեմն՝ նույնիսկ վերացում։
Սննդաբանի օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի մարդն իմանա՝ որ մթերքներն են պարունակում գլուտեն, որոնք են անվնաս, և չնայած սահմանափակումներին, ինչպես սնվել բալանսավորված։
Եթե ցելիակիա ունեցող պացիենտի մոտ սննդանյութերի անբավարարություն է նկատվում, բժիշկը կարող է նշանակել անհրաժեշտ հանքանյութերն ու վիտամինները՝ հավելումների տեսքով։ Առանց գլյուտենի դիետա պահելուց մի քանի շաբաթ հետո բարակ աղիքը սկսում է վերականգնվել, և պացիենտն իրեն ավելի լավ է զգում։
Ցելիակիայի մասին իրազեկման համաշխարհային օրը միջոցառումներ են անցկացվում հիվանդության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, դրա ախտորոշման և բուժման համար, ինչպես նաև աջակցում են մարդկանց ում մոտ ախտորոշվել է տվյալ հիվանդությունը:

