Հունաստանում հակաֆաշիստական պայքարում ներգրավվել են 30 000-ից ավելի հայեր․ դեսպան Մկրտչյան
Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հույն հետազոտող Պանտելիս Արապինիսի վերջերս հրատարակած «Փախստականների Դուրղուտին`«պարտիզանների քաղաքը». կորուսյալ քաղաքի դեմքը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է 1941-44 թթ. Հունաստանում հակաֆաշիստական դիմադրության շարժման մեջ հայերի ունեցած էական դերակատարությանը։
Միջոցառումն անցկացվեց Աթենքի քաղաքապետարանի ներքո գործող «Նեոս Կոզմոսի բարեկամների ակումբում»։
Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց միջոցառման անցկացման նպատակը։ Դեսպանը նկատեց, որ Եվրոպայում դիմադրության շարժումների մեջ հատկապես Ֆրանսիայում և Հունաստանում են եղել հայերի շոշափելի մասնակցություն, որը վերջինի պարագայում արժանի ուշադրության չի արժանացել։ Նա հավելեց, որ այս ծավալուն աշխատությունը գալիս է լրացնելու այս բացը, որն առկա է պատմագիտության մեջ։
«Հունաստանում հակաֆաշիստական պայքարում ներգրավվել են 30.000-ից ավելի հայեր։ Դիմադրության շարժման հաջողության մեջ Հունաստանում հայերի ունեցած ներդրումը համեմատելի է թերևս միայն Ֆրանսիայում համանման շարժման մեջ ունեցած հայերի ներդրման հետ։ Ֆաշիստների դեմ հայերի մասնակցությունը կարևոր է եղել ոչ միայն Աթենքում, մասնավորապես Դուրղուտիում, այլ Հունաստանի տարբեր քաղաքկենորւմ ու կղզիներում»,-իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։
Նա նաև հակիրճ ներկայացրեց նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ունեցած զգալի քանակական և որակական ներդրումը։ Այնուհետև նա ներկայացրեց Պանտելիս Արապինիսի մենագրությունից որոշ դրվագներ։
Ի հավելում գրքի հեղինակի՝ ելույթներ ունեցան անվանի պրոֆեսորներ Պրոկոպիս Պապաստրատիսը, Պոլիմերիս Վոգլիսը և Կոստիս Կարպոզիլոսը, որոնք մանրամասն ներկայացրեցին գրքի էական ներդրումը դիմադրության շարժմանը նվիրված հետազոտությունների մեջ և եզակի բնույթը առ այն, որ նյութը ներկայացնում է մինչ այժմ ոչ բավարար չափով ուսումնասիրված, սակայն կարևոր հանգամանք՝ Հունաստանում այդ շարժման մեջ հայերի ունեցած կարևորագույն դերակատարությունը։
Հիմնական ելույթներին հետևեց հարցուպատասխանների հատվածը, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաների ուղղած հարցերին։

